Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հաստատել է Ռուսաստանի դիրքորոշումը, ըստ որի ղարաբաղյան խնդիրն անհրաժեշտ է կարգավորել խաղաղ ճանապարհով:
«Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ընդունված յուրաքանչյուր փաստաթղթում նշվում է խնդրի` խաղաղ ճանապարհով լուծման մասին: Սա թե ռուսական կողմի, թե Մինսկի խմբի, թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դիրքորոշումն է: Ղարաբաղյան հարցի խաղաղ ճանապարհով կարգավորումը մեր ջանքերի հիմնական կետն է», -Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տրված հարցազրույցում ասել է Սերգեյ Լավրովը:
Նրա խոսքերով` Ռուսաստանը կսատարի կարգավորման ցանկացած տարբերակ, որը շահավետ կլինի թե Հայաստանի, թե Ադրբեջանի համար: Նախարարը նշել է նաև, որ ժամանակ առ ժամանակ հնչող ռազմական սպառնալիքները չեն նպաստում հարցի կարգավորմանը: