Ֆրանսիական և համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Զինեդին Զիդանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իր ընտանիքը դեռ չի որոշել, թե որ ազգային հավաքականի կազմում կխաղա իր որդին` Էնցո Զիդանը:
Նշենք, որ վերջին օրերին Զիդան-կրտսերը մամուլի ուշադրության կենտրոնում էր հայտնվել: Նա 15 տարեկան է, մարզվում է Մադրիդի «Ռեալի» մանկապատանեկան դպրոցում և, մասնագետների վկայությամբ, հիանալի տվյալներ ունի բարձրակարգ ֆուտբոլիստ դառնալու համար:
«Ես այժմ չեմ ցանկանում խոսել այդ մասին, կարևորը, որ նա ֆուտբոլ խաղա և հաճույք ստանա խաղից: Երբ ազգային հավաքականներից մեկը կանչի նրան, մենք կմտածենք: Իսպանիան հրավիրի, շատ լավ: Ֆրանսիան հրավիրի, նույնպես լավ է: Բայց ամենակարևորը, որ նա հաճույք է ստանում «Ռեալի» կազմում ֆուտբոլ խաղալիս», – որդու ապագայի մասին խոսելիս` նշել է Զիդան
Նշենք, որ Զինեդին Զիդանի կինը իսպանուհի է, և Զիդանների ընտանիքի հիմնական բնակության վայրը Մադրիդն է: