Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին` Ռոշ ա Շանա տոնի առթիվ:
Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Հարգելի՛ բարեկամներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ռոշ ա Շանայի` Նոր տարվա տոնի կապակցությամբ:
Այս օրերին դուք մտովի անդրադառնում եք ձեր հոգևոր ժառանգությանը, ամփոփում ձեռքբերումներն ու խնդիրները և կազմում ապագայի ծրագրեր: Դուք` որպես հինավուրց ժողովրդի ներկայացուցիչներ, ձեր աշխատասիրությամբ ու տոկունությամբ, ստեղծելու ու ստեղծագործելու ձիրքով արժանիորեն հարգանք և ճանաչում եք վաստակել Հայաստանում:
Վստահ եմ, որ մեր երկրի հրեաները այսուհետ էլ իրենց ավանդը կունենան մեր հասարակության զարգացման գործում և կնպաստեն հանդուրժողականության ու փոխադարձ հարգանքի մթնոլորտի ամրապնդմանը:
Ռոշ ա Շանա տոնի առիթով ձեզ եմ հղում իմ շնորհավորանքն ու բարեմաղթանքները:
Թո՛ղ լույսով, սիրով ու ջերմությամբ լցվեն ձեր օջախները:
Թո՛ղ գալիք նոր տարին լինի նոր ձեռքբերումների և հաստատուն առաջընթացի տարի»:
Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը: