ՀՅԴ Հայ դատի գրասենյակի քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը, այսօր խոսելով Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում տեղի ունեցած պատարագի մասին, ասաց, որ Թուրքիան, խաչը չտեղադրելով, իրեն դրեց ծիծաղելի դրության մեջ:
Կիրո Մանոյանի կարծիքով` վատն այն է, որ Թուրքիայում իրենց փոքրամասնություններին ուղղված հարցն իրենք անընդհատ կապում են այդ փոքրամասնությունների երկրների հետ:
«Խնդիրն այն է, որ այդ հուշակոթողներն իրականում բոլորը պատկանում են հայությանը, ոչ անպայման Հայաստանի Հանրապետությանը: Այլ իրավատեր կա այդ ուենցվածքի, և այս բոլորը պետք է իրավական հարթության վրա դնեն և ոչ թե Հայաստանի հետ լավ հարաբերություններ հաստատելու համար դա անեն», -ասել է Մանոյանը:
Կիրո Մանոյանը նաև նշել է, որ Թուրքիան իր միջզագային պարտավորությունները այնքան է ոտնահարել, որ մարդկանց մոտ նույնիսկ երբեմն տրամադրություն է առաջանում, որ ինչ լավ է` գոնե մեկ օր աղոթելու հնարավորություն տվեցին:
«Այդպես ասում են Թուրքիայում ապրող հայերը, որոնք մեզանից ոմանց մեղադրում էին` «բա ի՞նչ է ձեր ուզածը, չե՞ք ուզում աղոթել: Ուզում ենք աղոթել, բայց տարեկան 365 օր և ոչ թե այն օրը, որ Թուրքիան պիտի որոշի, թե մենք երբ պիտի աղոթենք: Չի կարող սա Հայաստանին ուղղված լինել: Իրավականորեն, քաղաքականորեն Հայաստանի հետ ոչ մի կապ չունի. եթե այդպես է առնվազն մեկ օրով պիտի սահմանը բացեր, եթե իսկապես այդ է նպատակը, բայց այդ չէ նպատակը»,- նշել է Կիրո Մանոյանը: