Գլխավոր / Армения / Հայաստանի բնակչությունը պատրաստ չէ արդար ընտրությունների. ՀՀԿ-ական պատգամավոր

Հայաստանի բնակչությունը պատրաստ չէ արդար ընտրությունների. ՀՀԿ-ական պատգամավոր

Նախկինում գոյություն ունեցող հանձնաժողովների կազմավորման կարգն իրեն չի արդարացնում, որովհետև այդ հանձնաժողովներում ամեն մի կուսակցության առաջադրած թեկնածուներից ամեն մեկն իր կուսակցության շահերն էր պաշտպանում: 100%-անոց օբյեկտիվություն չէր կարող լինել, այսօր խոսելով ՀՀ ընտրական օրենսգիրքում փոփոխությունների մասին` հայտարարել է ՀՀԿ անդամ Ռաֆիկ Պետրոսյանը:

Նրա խոսքով` լավ կլիներ, եթե ընտրական հանձնաժողովները պետականացվեն: Ըստ նոր օրենսգրքի` ԿԸՀ նախագահին և 15 անդամներից 7-ին նշանակում է նախագահը, մնացած 8 անդամները մնում են «պահեստում», յուրաքանչյուր ընտրություններից առաջ հանձնաժողովի կազմի 1/3 փոխվում է: Նույնը, ըստ նրա, վերաբերում է տարածքային ընտրական հանձնաժողովին, իսկ «կուսակցությունների ներկայացուցիչները, որոնք էն ժամանակ բոլոր հանձնաժողովներում էին, այսօր մնում են միայն տեղամասային հանձնաժողովներում»:

«Ժառանգության» ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանի խոսքով` իրենց կուսակցությունը և Դաշնակցությունը հանձնաժողովի ձևավորման այս կարգի հետ համաձայն չեն և իրենց մոտեցումները նամակի տեսքով ուղարկել են Վենետիկի հանձնաժողովին:

«Առավել վտանգավոր հանձնաժողովների ձևավորման կարգ, ինչպիսին այսօր առաջարկում է մեծամասնությունը, ես չեմ հանդիպել»: Հակոբյանի խոսքով`  աշխարհում ընդունված է, որ եթե քաղաքական ուժերին տեղ է տրվում, դրանք պիտի հավասար մասնակցություն ունենան ընտրական հանձնաժողովի կազմավորմանը, ինչը «խելքին մոտ է և տրամաբանական»:

«Կամ պետությունն ամբողջությամբ իր վրա է վերցնում պատասխանատվությունը, այսինքն, եթե վաղը կեղծվեն ընտրությունները, իմանանք, որ դրա պատասխանատուն իշխանություններն են: Եթե դա չենք ընդունում, եկեք ասենք, որ ճիշտը պատասխանատվությունը հավասարապես բաժանելն է դիմադիր և ընդդիմադիր ուժերի միջև» , – ասել է Հակոբյանը:

Պետրոսյանը չհամաձայնեց այս «սոցիալիստական հավասարարության սկզբունքին», որովհետև «մեր հանրապետությունում կուսակցություններն այդքան զարգացած չեն, և բնակչության, և համայնքների տնտեսական վիճակը, և քաղաքացիների իրավագիտակցության վիճակը դեռ հասունացած չեն»:

Ինչ վերաբերում է Դաշնակցությանը, ապա, ըստ Պետրոսյանի, երբ այս ուժը «կոալիցիայի անդամ էր, համաձայն էր»:

Tekali Taxi