Գլխավոր / Армения / «Հայկական ժամանակ». Կարեն Դեմիրճյանի հուշարձանն այդպես էլ չբացեցին

«Հայկական ժամանակ». Կարեն Դեմիրճյանի հուշարձանն այդպես էլ չբացեցին

Այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության 11-րդ տարելիցն է: Ուղիղ 11 տարի է` Մաշտոցի պողոտայում` «Մալիբու» սրճարանի մոտ մի ցուցանակ է տեղադրված, որը տեղեկացնում է, թե տվյալ տարածքում «տեղադրվելու է ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի հուշարձանը»:

Այդ վայրում հուշարձան տեղադրելու մասին ՀՀ նախագահի կողմից հրամանագիր է ստորագրվել դեռևս 1999-ի դեկտեմբերի 27-ին, և աշխատանքների իրականացումը հանձնարարվել է Երևանի քաղաքապետարանին: Այս ընթացքում քաղաքապետարանն ընդամենը մեկ անգամ` 2008-ի մայիս 27-ին հայտարարել է արձանի նախագծման մրցույթ և ստեղծել մրցութային հանձնաժողով, սակայն մրցույթը չի հաջողվել:

«Քաղաքապետարանն ինձ պաշտոնապես ոչ մի բանի մասին տեղյակ չպահեց, մրցույթը հայտարարեցին շատ կուլուարային ձևով, առանձնապես չհետևեցին, իսկ արդյունքների մասին ինձ ոչինչ չասացին: Ես կողմնակի ճանապարհներով իմացա, որ մի քանի հատ աշխատանք է եղել: Դրանց ես ծանոթ էի և չէի հավանել: Պարզվեց` մրցութային հանձնաժողովը ևս չէր հավանել: Ես Երևանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանին ասացի, որ եթե պետք է վատը լինի, ապա ավելի լավ է` չլինի: Սրանով ամեն ինչ ավարտվեց»,- երեկ մեր թղթակցին պատմել է Կարեն Դեմիրճյանի այրին` Ռիտա Դեմիրճյանը: Նա նաև ասել է, որ մեկուկես տարուց լրանում է Դեմիրճյանի 80-ամյակը, և եթե ամեն ինչ նույն կերպ ընթանա, 80-ամյակն էլ կանցնի առանց այդ արձանի. «Դա պետական գործ է, ոչ ընտանեկան գործ է, ոչ իմ անձնական գործն է, ոչ կուսակցության գործն է: Ես հո չե՞մ խնդրելու»,- ասել է նա: Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության  և քաղաքաշինության վարչությունից մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրին. «2008-ից հետո նոր մրցույթ չի հայտարարվել: Հետագա աշխատանքների համար հնարավոր է ինչպես նոր մրցույթ հայատարարելու տարբերակը, այնպես էլ կոնկրետ հեղինակային խմբի հետ աշխատանք իրականացնելու սկզբունքը, ինչը կարող է ավելի արդյունավետ լինել»:

Tekali Taxi