Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը հաստատել է Ազգային անվտանգության փաստաթղթում տեղի ունեցած փոփոխությունների փաստը, ըստ որի` Հայաստանը հանվել է Թուրքիայի համար «մեծ վտանգ ներկայացնող» երկրների ցուցակից: Փոխարենը` ցուցակում ընդգրկվել է Իսրայելը:
Փաստաթղթում տեղի ունեցած փոփոխությունից հետո «մեծ վտանգ ներկայացնող» երկրների ցուցակից հանվել են նաև Իրանը, Սիրիան, Վրաստանն ու Բուլղարիան:
Ցուցակում Իսրայելի ընդգրկումը բացատրվել է նրանով, որ Իսրայելին մեղադրում են ամբողջ տարածաշրջանում ռազմական իրավիճակ ստեղծելու մեջ:
Փաստաթղթում վտանգների շարքին ավելացրել են նաև գլոբալ տաքացումն ու օն-լայն ահաբեկչությունը:
Ազգային անվտանգության այս փաստաթուղթն անվանում են նաև «Կարմիր գիրք», որը տեղեկացնում է հարևան երկրների նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականության մասին և թարմացվում է հինգ տարին մեկ:
Նշենք, որ Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները կտրուկ սրվել են հատկապես վերջին ամիսներին: Վերջերս Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ չի մասնակցելու Աթենքում կլիմայական փոփոխություններին նվիրված համաժողովին, եթե այնտեղ լինի Իսրայելի իր գործընկեր Բենջամին Նեթանյահուն: