Դեռևս հոկտեմբերի 29-ին Աշխարհում կրոնի ազատության հարցերով զբաղվող Միացյալ Նահանգների հանձնաժողովը (USCIRF) կոչ էր արել նախագահ Բարաք Օբամային ստիպել Իրանին ազատ արձակել քրիստոնյա քահանա Յուսեֆ Նադարխանիին, ում մահվան էին դատապարտել, հայտնում է Baptist Press-ը:
ԱՄՆ պետդեպարտամենտն Իրանին դասել է «հատուկ մտահոգություն առաջացնող» 8 երկրների շարքին, որոնք աշխարհում ամենաշատն են խախտում կրոնական իրավունքները:
Վերջին 30 տարիների ընթացքում Իրանն առանձնացել էր մարդու իրավունքների խախտման դեպքերով, իսկ վերջին տարիներին դա հատկապես նկատելի էր կրոնական ազատության ոլորտում, նշում է USCIRF-ը: Ոտնահարվել են հատկապես ազգային փոքրամասնությունների իրավունքներն, այդ թվում` քրիստոնյաների և սուֆիների:
USCIRF-ի տվյալների համաձայն` Իրանում մեծ տարածում են գտել ֆիզիկական բռնության դեպքերը, ոտնձգություններն ու ձերբակալությունները:
«Նույնիսկ ոչ մահմեդական փոքրամասնություններն, այդ թվում` հրեաները, հայերը, ասորի քրիստոնյաներն ու զրադաշտները, ովքեր պաշտպանված են Իրանի Սահմանադրությամբ, խտրականության և ճնշումների զոհ են դառնում»,- նշել են հանձնաժողովի ներկայացուցիչները: