Գլխավոր / Հայաստան / Ադրբեջանական ֆիլմերի փառատոնը Երևանում կկայանա, բայց այլ վայրում

Ադրբեջանական ֆիլմերի փառատոնը Երևանում կկայանա, բայց այլ վայրում

Ադրբեջանական ֆիլմերի փառատոնը չի կայանալու «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Մեդիա կենտրոնում»: Այս մասին Epress.am-ին հայտնել է  կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:

Նրա խոսքով` քանի որ ողջ կրթահամալիրի և վերջինիս կցված շինությունների սեփականատերը, համաձայն ՀՀ օրենքի, Հայաստանի Հանրապետության Կառավարությունն է, ապա Կառավարությունը կարող է այս կամ այն միջոցառման անցկացում թույլ տալ կամ չտալ:

«Մենք պարզապես պետական շինությունների օգտագործող ենք հանդիսանում, սեփականատերը ՀՀ Կառավարությունն է», – ասել է Աշոտ Բլեյանը:

Միևնույն ժամանակ, կրթահամալիրի տնօրենը մեզ տեղեկացրել է, որ, իմանալով պետական մարմնի կարծիքը, ինքն անձամբ նպատակահարմար չի համարել միջոցառումն այնտեղ անցկացնել:

Բլեյանը նշել է, սակայն, որ ինքը որևէ վատ բան չի տեսնում ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացման մեջ, քանի որ «Մեդիա  կենտրոնում» պարբերաբար անցկացվում են տարբեր ֆիլմերի ցուցադրություններ` թուրքական, վրացական, իտալական և այլն:

Միևնույն ժամանակ, ՀՀ Կրթության և Գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից Epress.am-ին տեղեկացրել են, որ փառատոնի կազմակերպիչը պաշտոնապես իրենց չի դիմել տարածքի հատկացման համար, և միջոցառման անցկացման վայրի ընտրությունը կազմակերպչի որոշումն է:

Ինչ վերաբերում է Ադրբեջանական ֆիլմերի փառատոնի կազմակերպիչ Գեորգի Վանյանին, ապա վերջինս Epress.am-ի հետ զրույցում հաստատել է, որ փառատոնը ամեն դեպքում կայանալու է, և շուտով հանրությունը կտեղեկանա անցկացման օրվա և վայրի մասին:

Tekali Taxi