Վաղը Սյունիքի մարզում բողոքի ցույց է կազմակերպվելու ուրանի հանքերի շահագործման դեմ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին տեղեկացրել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող Տիգրան Խզմալյանը: Նա հավելել է, որ Երևանից նույնպես մի խումբ մարդիկ են գնալու սյունիքցիներին աջակցելու համար:
Տիգրան Խզմալյանը և դերասան, ռեժիսոր Երվանդ Մանարյանը նշել են, որ «չի կարելի թույլ տալ ուրանի շահագործումը նման ձևով իրականացնել»: Նրանց խոսքով` Սյունիքում ուրանի հանքերն անխնա շահագործվում են:
Նրանք անդրադարձել են նաև Սյունիքի մարզում ուրան հետազոտող մեքենայի այրման փաստին:
«10 օր առաջ Սյունիքի մարզում ուրան հետազոտող մեքենան կասկածելի պայմաններում այրվել է: Մեր տեղեկություններով` արդեն մարդիկ են հրավիրվում ոստիկանական բաժանմունք, և նրանցից փորձում են կեղծ ցուցմունքներ կորզել: Ասում էին` կայծակն է եղել պատճառը, հետո էլ պարզվեց, որ «կայծակ» մականունով մեկն է արել դա»,- ներկայացրել է Տիգրան Խզմալյանը:
«Ես եմ արել դա, այստեղից պուլտը սեղմել եմ, ու մեքենան այրվել է»,- կատակում Էր Երվանդ Մանարյանը:
Տիգրան Խզմալյանն էլ ասել է, որ քանի որ այդ «հանցագործությունը» Երվանդ Մանարյանը չէր կարող մենակ իրականացնել, ապա նրան է միացել նաև ինքը և «Սարդարապատ» շարժումը:
«Այդ իսկ պատճառով, մենք այսօրվանից ստորագրահավաք ենք սկսում` ի պաշտպանություն սյունիքցիների և ընդդեմ ուրանի հանքավայրերի նման շահագործման: Մենք թույլ չենք տա, որ նման բան տեղի ունենա»,- ասել է բանախոսը: