Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2009թ. թողարկած 100 000 դրամ անվանական արժեքով թղթադրամը մասնակցել է «Արտարժութային հարցերով միջազգային ասոցիացիա»-ի (International Association of Currency Affairs, IACA) կողմից կազմակերպված «Տարվա լավագույն թղթադրամը» մրցույթին և արժանացել երկրորդ մրցանակին:
Սկսած 2007 թ. «Տարվա լավագույն թղթադրամը» մրցույթն անցկացվում է վերոնշյալ կազմակերպության կողմից յուրաքանչյուր տարի:
Մրցույթին կարող են մասնակցել մրցույթի անցկացման տարեթվից 18 ամիս առաջ թողարկված թղթադրամները:
2010 թ. մրցույթին, Հայաստանի Հանրապետության թղթադրամի հետ մեկտեղ, մասնակցել են Կորեայի, Ղազախստանի, Թուրքիայի, Պարագվայի, Մակաոյի, Թունիսի և Շոտլանդիայի թղթադրամները, որոնցից էլ կատարվել է լավագույն թղթադրամների ընտրությունը:
Մրցանակները շնորհելիս հաշվի են առնվել մասնավորապես. թղթադրամի արտաքին տեսքի գրավչությունը, տպագրության համապատասխանությունը ժամանակակից ստանդարտներին, տեխնոլոգիական նորարարությունների կիրառումը և արտադրական արդյունավետությունը: