Վատիկանում Սուրբ Ծննդյան պատարագի ժամանակ Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդ-ին ծառայել են հայ կաթոլիկները, իսկ Երևանում տոնակատարությունը սկսվել է թատերական ներկայացմամբ:
Վերջին 50 տարվա ընթացքում հայ կաթոլիկներին առաջին անգամ հնարավորություն է ընձեռվել ծառայել Հռոմի Պապին Սուրբ ծննդյան պատարագի ժամանակ:
Դեկտեմբերի 24-ի`լույս 25-ի գիշերը, Բենեդիկտոս 16-րդ-ի հետ միասին պատարագ մատուցեցին նաև Հռոմի Պապական հայկական կոլեգիայի ճեմարանի ռեկտորը, պրոռեկտորը, սարկավագներն ու մնացած ճեմարանականները:
Հայ կաթոլիկները Քրիստոսի ծնունդը նշում են դեկտեմբերի 25-ին, իսկ հայտնությունն ու մկրտությունը` հունվարի 6-ին, այն օրը, երբ Հայ առաքելական եկեղեցին նշում է Փրկչի Ծնունդը:
Ինչպես տեղեկացնում է «Благовест-инфо»-ն, Սուրբ Ծննդյան գիշերը Հայաստանում կաթոլիկները մասնակցել են պատարագի, որը մատուցվում էր Սուրբ Գրիգոր Նարեկացու եկեղեցում: Իսկ դեկտեմբերի 26-ին` ավագ կիրակի օրը, պատարագից հետո թատերականացված ներկայացում է ցուցադրվել:
Դերասանների փոխարեն հանդես են եկել եկեղեցու ծառայողները, երգչախմբի ու միաբանության անդամները:
Գունագեղ հագուստները տրամադրել էր Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի ղեկավարությունը: