Իրանցի քաղբանտարկյալ Ալի Սարեմիին դեկտեմբերի 28-ին կախաղան բարձրացնելուց հետո իշխանությունները ձերբակալել են նրա 7 ընկերներին և բարեկամներին: Այս մասին հաղորդում է «Ռադիո Ֆարդան» ռադիոկայանը:
Ինչպես ռադիոկայանի հետ զրույցում պատմել է Ալի Սարեմիի եղբայր Հասան Սարեմին, երբ իրենք տեղեկացել են, որ Ալիին տեղափոխում են մի բանտից մյուսը, վերջինիս 7 ընկերները և հարազատները, այդ թվում` նրա քույրը, կինը, դուստրը և փեսան գնացել են Սարեմիին տեսակցության: Հասան Սարեմին տեղեկացրել է, որ նրանց ձերբակալվել են դեկտեմբերի 28-ին երկրի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները:
Համաձայն իրանական պետական լրատվամիջոցների` 62-ամյա Ալի Սարեմին մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ հանդիսանում է արգելված «Մուջահեդին Խալք» կազմակերպության անդամ, որը «գործունեություն է ծավալում Աստծո դեմ» և «քարոզ է իրականացնում Իրանի Իսլամական Հանրապետության սուրբ ռեժիմի դեմ»:
«Իմ եղբայրն այդ կազմակերպության անդամ չէր»,- ասել է Հասան Սարեմին: Նա ավելացրել է, որ իր եղբայրը միայն համակրում էր «Խալքին»:
Ալի Սարեմին սկսած 1982 թվականից մի քանի անգամ բերման է ենթարկվել իրավապահ մարմինների կողմից, վերջին անգամ` 2007, երբ նա մասնակցել է 1988 թվականին ձերբակալված քաղբանտարկյալների պաշտպանությանը նվիրված ակցիային: