Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարը պատերազմի է սպասում և անցնող 2010 թվականն էլ Պաշտպանության բանակի համար եղել է պատերազմի նախապատրաստման տարի:
«Սադրանքի ես չեմ սպասում, ես սպասում եմ պատերազմի», – երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԼՂ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը` հավելելով. «Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը ստեղծված է պատերազմելու, և ամեն օր, ամեն ժամ սպասում է դրան: Պատերազմ կլինի` կպատերազմի, պատերազմ չի լինի` ուրեմն խաղաղությունը ապահովված կլինի»:
Նախարարի խոսքով` ընթացիկ տարում Պաշտպանության բանակը կարողացել է կատարել իր առջև դրված խնդիրը. ապահովել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը: Նա նշեց, որ բարելավվել է մեկ դիրք` Պաշտպանության բանակը զբաղեցրել է ավելի նպաստավոր դիրք, առաջին գծում բարելավվել են զինվորների պայմանները` կառուցվել են 102 ճաշարաններ, նոր խրամատներ:
Մովսես Հակոբյանը շեշտում է` հայկական կողմը «առաջնագծում միշտ կարողացել է լինել պարտադրողի դերում»:
Սակայն նախարարը նաև չի թաքցնում` ընդհանուր առմամբ Պաշտպանության բանակի համար տարին ծանր էր. նախորդ տարիների համեմատ հակառակորդի կրակոցները աճել են 53 տոկոսով, Պաշտպանության բանակին հատկապես մտահոգել են ադրբեջանական կողմի դիվերսիոն գործողությունները:
«Հակառակորդի ակտիվ գործողությունը առաջնագծում, երկրորդը` բանակի առջև դրված մեծածավալ խնդիրները, երրորդը` ինժեներական մեծածավալ աշխատանքների և նաև տնտեսական ճգնաժամի հետ կապված որոշակի ֆինանսական և նյութական միջոցների սղության պատճառով [տարին ծանր էր]», – Մովսես Հակոբյանի խոսքերն է փոխանցում «Ազատություն» ռադիոկայանը:
Նախարարն անդրադարձավ նաև բանակում տեղի ունեցած հանցագործություններին, որոնց թիվը, նրա խոսքով, նվազել է 14 տոկոսով:
Այդուհանդերձ, անդրադառնալով վերջին շրջանում հասարակության շրջանում լայն արձագանք ստացած սպանության դեպքերին, Մովսես Հակոբյանը նշեց. «Այս արտառոց դեպքերը պաշտպանության բանակի իմիջի վրա բավականին լուրջ բացասական ազդեցություն են թողել, և բանակի ղեկավար կազմը գիտակցում է իր առջև դրված խնդիրը. մենք պիտի զբաղվենք հասարակության եւ բանակում զինծառայողների դաստիարակությամբ, որովհետեւ արտակարգ պատահարներ տեղի են ունենում այնտեղ, որտեղ դրա համար ստեղծված են նպաստավոր պայմաններ: Պիտի իրավիճակը շտկենք` հասկանալով, որ յուրաքանչյուր զինվորի մահ մեր երկրի համար ազգային տրագեդիա է»: