Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի նիստին այսօր քննարկվել է ընթացիկ տարում ռազմավարությունը, ինչպես նաև ԵԽ հանձնակատար Թոմաս Համմարբերգի և համազեկուցողների այցերի կապակցությամբ գործողությունների ծրագիրը (Թոմաս Համմարբերգը Երևան է ժամանելու հունվարի 18-ին – Epress.am): Այս մասին նիստի ավարտից հյետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:
Նիստի մասնակիցները նաև խոսել են ՀԱԿ-ի հանրակրթության ծրագրի մասին:
«Հանձնաժողովների կողմից մշակված վերջնական տարբերակն այսօր արդեն ուղարկվելու է բոլոր կուսակցություններին, որոնք կարող են իրենց առաջարկները ներկայացնել: Եվ մեկ կամ երկու շաբաթում կլինի քննարկում հանարկրթության ծրագրի վերաբերյալ», – ասել է Զուրաբյանը:
Նրա խոսքով` Քաղբանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեն Համմարբերգի այցելության կապակցությամբ պետք է ակցիաների կազմակերպման նախաձեռնությամբ հանդես գա: Զուրաբյանը վստահություն է հայտնել, որ Կոնգրեսի համակիրները կմասնակցեն այդ ակցիաներին:
«Քաղխորհրդում տարբեր առաջարկներ հնչել են պիկետների, երթերի, հանրահավաքների վերաբերյալ, բայց դեռ վերջնական որոշում չի ընդունվել, քննարկման փուլում է գտնվում, այս բոլոր առաջարկները կամփոփվեն և վերջնական որոշում կընդունվի»,- նշել է Զուրաբյանը:
Անդրադառնալով Ազատության հրապարակի վերանվաճման ծրագրին` ՀԱԿ համակարգողն ասել է.
«Ամանորյա փոքր ընդմիջում արեցինք, բայց, բնականաբար, Ազատության հրապարակի վերանվաճման ծրագիրն ուժի մեջ է, և մենք շատ շուտով սկսելու ենք մեր հայտերի ներկայացումը քաղաքապետարան և դրանից բխող համապատասխան գործողությունները: Ինչպես մենք անում էինք անցյալ տարի, այնպես էլ շարունակելու ենք այս տարի»,- ընգծել է Լևոն Զուրաբյանը: