Հակամարտող երկրներում տիրող ներքաղաքական իրավիճակները բավարար պայման չեն պատերազմ սկսելու համար:
Պետք է դիտարկել, թե տարածաշրջանում ինչ գնով է պահպանվում ստատուս քվոն: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտարարել է ԱԺ-ում «Ժառանգության» պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը` մեկնաբանելով Լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի հայտարարությունը: Հիշեցնենք, որ այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հովհաննիսյանը, ով Հայ Ազգային Կոնգրեսի անդամ է, հայտարարել է, թե եթե չլինի իշխանափոխություն, ապա 2011 թվականին Հայաստանում պատերազմ է սկսվելու:
«Եթե տարածաշրջանում տեղի ունենան լուրջ աշխարհաքաղաքական փոփոխություններ, այդ ժամանակ կարելի է համարել, որ պատերազմական գործողությունների վերսկսման հավանականությունն ավելի կմեծանա, սակայն, իմ կարծիքով, դեռևս նման իրավիճակների հիմքեր չկան»,- ասել է Սաֆարյանը:
Ըստ պատգամավորի` ՀՀ իշխանությունները և արտախորհրդարանական ընդդիմությունը պատերազմի հավանականությունը միշտ էլ կապել է Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ:
«Ճիշտ է, հակամարտող կողմերի ներքին ժողովրդավարական խնդիրներն իրենց դերակատարությունն ունենում են, իսկ ավտորիտար իշխանություններն ավելի հեշտ են դիմում արկածախնդրության, բայց թույլ տվեք չհամաձայնել միայն ներքին գործընթացներով պատերազմի հավանակաության վերսկսման վերաբերյալ տեսակետների հետ»,- հավելել է Սաֆարյանը: