Հայաստանցի գրոսմայստեր Լևոն Արոնյանը Վեյկ-ան-Զեեում անցկացվող «Թաթա Սթիլ» շախմատային գերմրցաշարի 2-րդ տուրում նույնպես ոչ-ոքի խաղաց՝ այս անգամ ամերիկացի Հիկառու Նակամուրայի հետ:
Հիշեցնենք, որ երեկ Արոնյանը սևերով 28-րդ քայլին միավորը կիսեց նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ: Այսօր նրանից էլ ավելի քիչ ժամանակ պահանջվեց. Արոնյանն ու Նակամուրան ընդամենը 17 քայլ կատարեցին և համաձայնեցին ոչ-ոքիի:
Երկու տուրից հետո 1,5 միավորով առաջատարներն են հոլանդացի Յան Սմեետսը, հնդիկ Վիշի Անանդը, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին և Նակամուրան: Արոնյանը ևս 5 շախմատիստի հետ միասին 1 միավորով բաժանում է 5-ից 10-րդ հորիզոնականները:
Մրցաշարի B խմբում հայաստանցի գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը երկրորդ տուրում ոչ-ոքի խաղաց ֆիլիպինցի Ուեսլի Սոյի հետ: Սարգսյանը ուկրաինացի Զահար Եֆիմենկոյի և չեխ Դավիդ Նավարայի հետ բաժանում է 2-րդից 4-րդ տեղերը, իսկ առաջատարն է անգլիացի Լյուք Մաքշեյնը, ով երկու տուրում նույնքան հաղթանակ է տարել: