Home / Հայաստան / «Խղճի հետ հաշտ». նախարարը հերքում է Հայաստանում քաղբանտարկյալների առկայության փաստը

«Խղճի հետ հաշտ». նախարարը հերքում է Հայաստանում քաղբանտարկյալների առկայության փաստը

Իրավական տեսանկյունից Հայաստանում նման տերմինոլոգիա չկա, դա կար Խորհրդային Միության ժամանակ, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Հայաստանում կան քաղբանտարկյալներ: Epress.am-ը խնդրել է նախարարին հստակեցնել` կա՞ն արդյոք Հայաստանում քաղաքական հայացքների համար դատապարտված անձինք:
«Ոչ», – հայտարարել է Հրայր Թովմասյանը: Epress.am-ի թղթակցի դիտարկմանը, թե ըստ միջազգային կառույցների` Հայաստանում նման մարդիկ կան, նախարարը պատասխանել է.

«Ճիշտ եք ասում, կան քաղաքական կազմակերպությունների արձագանքներ, բայց իրավական կառույցներից նման արձագանք չի հնչել», – ասել է Թովմասյանը:

Հիշեցնենք, որ, մասնավորապես, 2008 թվականին ընդունված ԵԽԽՎ-ի 1609 բանաձևում նշված է, որ «ԵԽԽՎ-ն դատապարտում է բազմաթիվ անձանց, այդ թվում` ընդդիմության ավելի քան հարյուր համախոհների և խորհրդարանի երեք անդամների ձերբակալումը և շարունակվող կալանավորումն այնպիսի մեղադրանքների հիման վրա, որոնցից մի մասը առերևույթ արհեստական են և պայմանավորված քաղաքական շարժառիթներով: Սա նշանակում է իշխանությունների կողմից ընդդիմության փաստացի հետապնդում»:

Բանաձևում նաև պահանջ էր ներկայացված, որ «այն անձինք, ովքեր կալանավորվել են առերևույթ արհեստական և քաղաքական շարժառիթներ ունեցող մեղադրանքներով կամ նրանք, ովքեր անձնապես չեն կատարել որևէ բռնի գործողություն կամ դրա հետ կապված լուրջ հանցանքներ, պետք է անհապաղ ազատ արձակվեն»:
Լրագրողները շարունակել են տվյալ թեմայով հարցեր ուղղել Թովմասյանին:

«Ի՞նչ եք կարծում` Նիկոլ Փաշինյանը քրեական հանցագո՞րծ է» հարցին նախարարը նույնպես հարցով է հակադարձել.
«Ի՞նչ է, ուզում եք Վճռաբեկ դատարանի որոշումը վիճարկե՞մ»:

Ըստ նախարարի` կա նաև Եվրոպական դատարան, և պետք է սպասել այդ դատարանի վճռին:
Ի դեպ, նշենք, որ Հրայր Թովմասյանն ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ «ինչ էլ անեմ, խղճիս հետ հաշտ եմ լինելու»: Նախարարը բացատրեց, որ արտահայտությունը պատկանում է ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանին, ով այդ խոսքերն ասել է մահվանից առաջ: