Home / Հայաստան / Հավերը չեն հարցնում` նոր տարին երբ է գալիս. ձվի պակասը ապաշնորհության արդյունք

Հավերը չեն հարցնում` նոր տարին երբ է գալիս. ձվի պակասը ապաշնորհության արդյունք

Դեռ 2010 թվականին Մանասե Եփրեմյանն ասել է, որ եթե ժողովուրդը չզսպի իր կիրքը հավկիթի հանդեպ, Հայաստանում դեկտեմբեր ամսին կլինի դրսից ներմուծում և մեծ քանակությամբ: Այդպես էլ եղավ:

Այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել «Լուսակերտ» թռչնաֆաբրիկայի տնօրեն Մանասե Եփրեմյանը:

«Ինչ խոստում տվել եմ, ես իմ խոստումը սրբորեն կատարել եմ: Ես խոստացել եմ «Լուսակերտի» տոհմային թռչնաբաֆրիկայի անունից և չեմ խոստացել մյուս արտադրողների անունից», – ասել է նա` մեկնաբանելով իր իսկ հայտարարությունը: Հիշեցնենք, որ Մանասե Եփրեմյանը հայտարարել է, որ Ամանորի շեմին հավկիթի շուկան կայուն է մնալու:

Ըստ Եփրեմյանի` «Լուսակերտի» հավկիթները վաճառվում էին 50-60 դրամով, իսկ ակցիայի դեպքում` 45 դրամով: Լրագրողների խնդրանքին ասել, թե որ կետերում և որ օրերին էին վաճառվում այդ արժողությամբ հավկիթները, թռչնաֆաբրիկայի տնօրենը նշեց «Երևան CITY» ցանցի սուպերմարկետները դեկտեմբերի 20-22-ին:

Նա նաև նշեց, որ ժողովուրդը ենթարկվեց «հավկիթային աժիոտաժին» և սկսեց չափից դուրս հավկիթներ ձեռք բերել: Հարցին, թե ինչու հայերը մեկ գիշերվա ընթացքում այդքան «հավկիթասեր» ժողովուրդ դարձան, Եփրեմյանը պատասխանեց, որ արդեն հոկտեմբերի կեսերին է նկատել հավկիթի պահանջարկի ավելացումը:

«210 հավկիթ միջին տարեկան օգտագործումից այս տարի բարձրացավ 284-ի մեկ բնակչի համար: Դա չափազանց մեծ աճ է»:

Եթե այսպես շարունակվի, նկատել է «Լուսակերտի» տնօրենը, ներմուծումը կդառնա հրատապ: Նա նաև հավելել է, որ հավկիթը ներմուծվել է Ուկրաինայից և Իրանից` երկու մեծ խմբաքանակ, որը գնվել է 52-54 դրամով, վաճառվել` 58 դրամով:

Իր հերթին, ասուլիսի մասնակից «Սպառողների միություն» կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանը նկատել է, որ ձու արտադրելուց հեշտ բան չկա` «ամոթ է էս թվին ներկրել ուրիշ երկրի ձու»:
«Անհնար է, որ ձվի կամ պանրի պակաս լինի: Դա արհեստական ապաշնորհ ղեկավարման արդյունք է», – շեշտել է Պողոսյանը` նկատելով, որ հավերը չեն հարցնում` նոր տարին երբ է գալիս: