Գլխավոր / Հայաստան / Թուրքիան չի կարող հավակնել տարածաշրջանային առաջնորդության. նախագահ

Թուրքիան չի կարող հավակնել տարածաշրջանային առաջնորդության. նախագահ

Տարածաշրջանում տևական խաղաղության ու կայունության հաստատումը Հայաստանի գլխավոր նպատակներից է: Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Կիպրոս կատարած այցի ընթացքում հնչեցրած իր ելույթի ժամանակ:

ՀՀ նախագահը նշել է, որ խաղաղության հաստատման ճանապարհին Հայաստանի  հետևողական փորձերը հայտնվում են փակուղում:

«Թուրքիայի հետ հարաբերությունները նույնիսկ փոքր քայլերով հարթելու մեր անկեղծ առաջարկով սկսված գործընթացն արագ խափանվեց: Իր հակասական կեցվածքով, իրարամերժ հայտարարություններով և գործընթացի անհիմն շահարկումներով Թուրքիան կործանեց այն: Թուրքիան հետ կանգնեց իր պարտավորություններից և ոչ միայն չվավերացրեց ստորագրված արձանագրությունները, այլև վերադարձավ գործընթացից առաջ որդեգրած իր հին դիրքերին: Նախապայմանների պատին դեմ առան մեր և գործընթացում ակտիվորեն ներգրավված մեր գործընկերների ջանքերը», – ասել է Սերժ Սարգսյանը:
Նա նշել է, որ հայկական կողմն առավել քան բարոյական և իրավական հիմքեր ուներ նախապայմաններ առաջ քաշելու։

«Բայց մենք ուժ գտանք հաղթահարելու հոգեբանական բոլոր արգելքներն ու առաջ շարժվել։ Այո՛, մենք շատ խնդիրներ ունենք Թուրքիայի հետ, առաջին հերթին` Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: Սակայն նախապայմանների առաջադրման փոխարեն մենք գերադասեցիք խնդիրների կարգավորման քաղաքակիրթ մոտեցումը՝ երկխոսություն կայացնելու միջոցով», – նշել է ՀՀ նախագահը։

Սերժ Սարգսյանն առաջարկել է բաց աչքերով նայել իրականությանը:

«Մենք պետք է բաց աչքերով նայենք իրականությանը: Այսօր Թուրքիան հավակնում է տարածաշրջանային առաջնորդության, հավակնում է վարել այսպես կոչված «նոր օսմանականության» քաղաքականություն: Բայց տարածաշրջանային առաջնորդությունը ենթադրում է պատասխանատու մոտեցում, պատասխանատու մտածելակերպ և ոչ թելադրելու կամ պարտադրելու գործելաոճ: Ի՞նչ է Օսմանյան կայսրությունը բերել իր լծի տակ գտնվող ժողովուրդներին կոտորածներից, բռնակալությունից, կեղեքումներից բացի: Ո՞վ է հասցրել կարոտել օսմանականությանը, որ որոշ մարդիկ փորձում են ծնել «նոր օսմանականություն»: Եվ ինչպե՞ս է ընկալվում «հարևանների հետ զրո պրոբլեմ» ուղեգիծը: Որպեսզի բոլոր հարևանները հլու կատարեն Թուրքիայի հորդորները և բավարարեն նախապայմաննե՞րը: Գուցե կան հարևաններ, որոնց համար դա նույնիսկ շահավետ է, բայց վստահորեն մենք դրանց թվին չենք պատկանում: Մի երկիր, որը Հայաստանի անկախացումից ի վեր տարբեր պատրվակներով փակել է մեր սահմանը և փորձում է շանտաժի ենթարկել իմ ժողովրդին, չի՛ կարող հավակնել տարածաշրջանային առաջնորդության», – հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Tekali Taxi