«Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի մոտ ի պաշտպանություն քաղբանտարկյալների անցկացվող պիկետի մասնակիցները երթով ուղևորվել են դեպի Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակ, որտեղ նամակ են հանձնել` ուղղված ԵԽ Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգին, ով այսօր ժամանել է Հայաստան:
Նամակը ստորագրված է 50-ից ավելի նախկին քաղբանտարկյալների կողմից, ովքեր պահանջում են անազատության մեջ գտնվող 8 քաղբանտարկյալների ազատ արձակումը:
Քաղբանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեի հրավիրած պիկետի նպատակն էր Համմարբերգի ուշադրությունը հրավիրել Հայաստանում քաղբանտարկյալների առկայության փաստի վրա:
Ինչպես Epress.am-ը հայտնել էր ավելի վաղ, այս անգամ պիկետն անցել է առանց միջադեպերի, ոստիկանները չեն միջամտել ակցիայի մասնակիցների գործողություններին:
Հավաքվածները վանկարկում էին «Ազատություն քաղբանտարկյալներին», «Ամոթ», «Սերժիկ, հեռացիր», ինչպես նաև քաղբանտարկյալների անունները: