Թուրքիայի Դիարբեքիր նահանգում գտնվող Դիքլե համալսարանում Թուրքիայում ապրող փոքրամասնությունների լեզուների կենտրոն է ստեղծվել, որտեղ կուսուցանվեն հայերեն, քրդերեն, արաբերեն և այլ լեզուներ:
2009 թվականին Մարդին Արտուկլու համալսարանում հիմնադրված ազգային փոքրմասնությունների լեզուների կենտրոնից հետո, սա փոքրամասնությունների լեզուները դասավանդելու երկրորդ փորձն է: Կենտրոնը կսկսի գործել միայն Բարձրագուն Կրթության խորհրդի կողմից արտոնագիր ստանալուց հետո:
Դիքլե համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Սաբրի Էյիգյունն ասել է «Անադոլու» գործակալության հետ զրույցում, որ Թուրքիայի հարավարևելյան տարածաշրջանը հարուստ է լեզուների բազմազանությամբ, սա նշանակում է, որ համալսարանները պարտավոր են հետազոտել այս լեզուները և այդ նյութերը տրամադրել հանրությանը: Նա հավելել է, որ Բարձրագույն Կրթության Խորհուրդը ստուգումներ է անցկացնում` պարզելու համար, թե արդյոք համալսարանն ունի բոլոր անհրաժեշտ միջոցները կենտրոնը բացելու համար:
«Ես հուսով եմ, որ շուտով խորհուրդը կհաստատի կենտրոնի հիմնման նախաձեռնությունը և մենք կսկսենք գործել», -ասել է Էյիգյունը: