Սամարայում սպանված հայ ուսանող Արմեն Սահակյանի մահը մի շարք քննարկումների առիթ է հանդիսացել բլոգերում: Բլոգերներն իրենց կարծիքներում բաժանվել են երկու ճակատի: Մի մասը վստահ է, որ կովկասցիների կողմից սպանված Եգոր Սվիրիդովի մահվան հիշատակի օրը երիտասարդը գազազած ազգայնականների կամ սափրագլուխների, կամ էլ այլ արմատական տրամադրված մարդկանց զոհ է դարձել:
Մյուս մասը գտնում է, որ Արմենի մահը ոչ մի առնչություն չունի երկրում ստեղծված լարված իրավիճակի հետ: «Սլավոնացիներին նույնպես ամեն օր մոռթում են փողոցներում: Եվ այս ամենը կատարվում է իրավապահ մարմինների լռության ֆոնի վրա, որոնք դեռևս սահմանափակվում են միայն սովորական քրեական մարդասպանության բնութագրումով և այն հոդվածի հիշատակմամբ, որի համաձայն քրեական գործ է հարուցվել»,-գրում է tltgorod.ru-ն:
Հարկ է նշել, որ հունվարի 15-ին, ինչպես և Ռուսաստանի շատ քաղաքներում, Սամարայում պետք է անցկացվեր Եգոր Սվիրիդովի մահվան հիշատակի ակցիա: Սակայն երթը չկայացավ: Ոստիկանները ձերբակալել են 21 հոգու, որոնցից 11-ը անչափահասներ էին: Հիշեցնենք, որ նույն օրը` հունվարի 15-ին, ավտոբուսի կանգառի մոտ դանակահարվել էր Սահակյանը, ով Սամարայի Պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանող էր հանդիսանում: Երիտասարդը տաքսի էր նստել և ինքնուրույն հասել մոտակա հիվանդանոց, որտեղ էլ և մահացել էր: Սպանվածի հարազատները չեն կասկածում, որ տղային սպանել են կովկասցու արտաքին ունենալու համար:
«Հունվարի 15-ի երեկոյան նրան զանգահարեցին ընկերները, և առաջարկեցին նշել սեսիոն քննությունների հաջող ավարտը,- ասել է Արմենի հայրը` Անդրանիկ Սաահակյանը,- նա նստել է տրամվայ, և դուրս եկել «Постников овраг» կանգառում: Մենք ենթադրում ենք, որ նրան սկսել են հետևել մոտ 5 երիտասարդներ: Կարծում եմ` դրանք սափրագլուխներ են եղել:
Դատաբժիշկները պատմել են ինձ, որ դանակի հարվածը եղել է ուղիղ նրա սրտին, այնուհետև հանցագործները բարձրացրել են դանակը վերև, և պտտել 180 աստիճանով: Սակայն Արմենը կարողացել է ևս 15 մետր քայլել, և խնդրել տաքսու վարորդին իրեն հիվանդանոց հասցնել: Հիվանդանոցի ճանապարհին նա մահացել է»: Անդրանիկ Սահակյանի խոսքով` իր որդուց ոչ մի արժեքվոր բան չեն գողացել, թեև այդ երեկո նրա վզին ոսկյա շղթա և թևնոց կար, լավ ժամացույց, բջջային հեռախոս, և փող: Սա բացառում է գողության նպատակներով սպանության վարկածը: