Այսօր ժամը 13:15-ին ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը ժամանել է Արթիկ քրեակատարողական հիմնարկ` հանդիպելու «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է նախկին քաղբանտարկյալ, ՀԱԿ անդամ Վարդգես Գասպարին:
Քրեակատարողական հիմնարկից դուրս գալով` պարոն Համմարբերգն իր և Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից ոչինչ չի հայտնել, իսկ ներկաները նրան դիմավորել են ողջույններով:
«Երբ ես գնացի Արթիկ, այնտեղ էին ադեն Արթիկի և հարակից տարածքների բնակիչներ, Կոնգրեսի համակիրներ: Նրանք ասացին, որ երբ Նիկոլ Փաշինյանին տեղափոխում էին մի մասնաշենքից մյուսը, նրանք տեսել են Նիկոլին, և վերջինս ձեռնաշղթաներով երկու ձեռքը վերև է բարձրացրել և ողջունել հավաքվածներին»,- ասել է Գասպարին:
Նա նշել է, որ համեմատական առումով իր ակնկալիքները Համմարբերգի այցից քիչ են.
«Եթե մենք ափերից դուրս գանք, այդ դեպքում միայն նման կառույցները կարող են ինչ-որ չափով արձագանքել, բայց երբ մենք այս վիճակում ենք, նրանք ոչինչ չեն կարող անել»:
Գասպարին կարծիք է հայտնել, որ նույնիսկ 1.5 ժամ ճանապարհ անցնելը չի խոչընդոտել Համմարբերգին, որ հանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ:
«Փաստորեն, իշխանությունները չցանկացան կազմակերպել Փաշինյանի և Համմարբերգի հանդիպումը, որը կարող էր լինել թեկուզ ԱԱԾ-ում, սակայն այս հանգամանքը ևս խոչընդոտ չի հանդիսացել Համմարբերգի համար:»
Գասպարին նշել է, որ Նիկոլ Փաշինյանի և Թոմաս Համմարբերգի հանդիպումը բավական երկար է տևել` մոտավորապես 2.5 ժամ. Համմարբերգը Արթիկ քրեակատարողական հիմնարկից դուրս է եկել 15:30-ի սահմաններում: