Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ԵԽԽՎ նախագահ Մեվլյութ Չավուշօղլուի հրավերով` պաշտոնական այցով գտնվում է Ստրասբուրգում:
Ինչպես հաղորդում է 1news.az-ը` հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին, Թուրքիայի նախագահը լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան կարևորում է Եվրախորհրդին իր անդամակցության հանգամանքը և որ ինքն անձամբ տասը տարի շարունակ ԵԽԽՎ պատգամավոր է եղել:
Պատասխանելով Կովկասում Թուրքիայի դերին մասին հայ և ադրբեջանցի լրագրողների հարցերինին` Գյուլը նշել է, որ Անկարայի նպատակն է խաղաղություն և անվտանգություն հաստատել տարածաշրջանում:
«Մենք ցանկանում ենք, որ այդ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատվի, որովհետև դա բխում է տարածաշրջանի բոլոր ազգերի շահերից»,- նշել է Թուրքիայի նախագահը:
Հիշեցնելով Հայաստան կատարած իր այցի մասին` Գյուլն ասել է, թե ինքը Թուրքիայի առաջին նախագահն է, ով երբևէ այցելել է Հայաստան:
«Ես ցանկանում եմ, որ Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի մասնակցությամբ պլատֆորմ ստեղծվի, որը հիմնված կլինի անվտանգության և համագործակցության սկբունքների վրա: Այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում»,- ասել է Գյուլը: