Այս տարվա մայիսին` մոտ 20 տարվա դադարից հետո, Լեռնային Ղարաբաղում վայրէջք կկատարի առաջին ինքնաթիռը:
Ստեփանակերտի նորակառույց օդանավականի շինարարության աշխատանքները մոտենում են ավարտին: Ընթացքի մեջ են սարքավորումների տեղադրման աշխատանքները: Կահավարումը կիրականացվի ապրիլին:
Լեռնային Ղարաբաղի կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հավաստիացրեց, թե «հարյուր տոկոսով լուծված է» թռիչքների անվտանգության խնդիրը:
«Բայց պրոբլեմներ կան, ասենք, ոնց որ պատահեց Դոմոդեդովոյում` տեռորիստական ակտեր կարող են լինել և այլն, և այլն:
Այդ ուղղությունը մեր հսկողության տակ է, հատուկ ծառայությունները աշխատում են: Մենք, իհարկե, աշխատում ենք ունենալ ժամանակակից սարքեր, որ անվտանգությունը ապահովեն, մյուս կողմից` այդ ծառայության համար պատրաստում ենք մասնագետներ: Հուսով ենք, որ նորմալ կաշխատենք», – ասաց նա` հավելելով. – «Եթե, ասենք, «Զվարթնոց» օդանավակայանում պետք է լինի անվտանգություն, մեզ մոտ կրկնապատիկ անվտանգություն պիտի ապահովենք, որովհետև գտնվում ենք վտանգավոր գոտում»:
Դիտարկմանը, որ Ստեփանակերտի օդանավակայանի կառուցման աշխատանքները սկսելուն պես ադրբեջանական լրատվամիջոցները սկսեցին սպառնալիքներ տարածել այս ուղղությամբ, և հարցին, թե ինչ երաշխիքներ կան, որ այդ սպառնալիքներն ընդամենը «օդային խոսակցություններ են», Ադբաշյանը արձագանքեց. – «Ես հուսով եմ, որ Ադրբեջանը, լինելով ԻԿԱՕ-ի անդամ, և ստորագրելով որոշ միջազգային կոնվենցիաներ, կմնա իր խոսքի տերը և մեզ չի խոչընդոտի թռիչքների անվտանգության առումով»:
Ադբաշյանի խոսքով` չվերթները սպասարկելու են CRJ-200 մակնիշի 50 տեղանոց երեք օդանավեր, որոնցից ամեն մեկն արժե 15-16 միլիոն ամերիկյան դոլար:
«Շատ լավ տեխնիկական տվյալներ ունեն [այդ օդանավերը]: Մենք արդեն փորձ ունենք, Հայաստանում այդ ինքնաթիռները շահագործվում են եւ շատ լավ իրենց դրսեւորեցին», – հավելեց Ադբաշյանը:
Ընկերությունը, հիշեցնենք, կոչվելու է «Էյր Արցախ», իսկ օդանավակայանը` «Ստեփանակերտի օդանավակայան»:
Ստեփանակերտ – Երևան – Ստեփանակերտ թռիչքը, Ադբաշյանի խոսքով, կարժենա մոտավորապես 50-60 ԱՄՆ դոլար: