ԱՄՆ-ում թողարկվել է ազգությամբ հայ Բեյ Ռուի ձայներիզը` հիփ-հոփ ոճում: Այն ձայնագրվել է հայկական տարբեր ժամանակների երաժշտական նմուշների հիման վրա: Երաժիշտը փորձել է համադրել տարբեր երաժշտական ժանրեր` հոգևոր երաժշտություն, դասական, սոուլ, ջազ: Նա օգտվել է այնպիսի գործերից, ինչպիսիք են Կոմիտասի «Տեր Ողորմյան» և Արամ Խաչատուրյանի «Գայանեն»: Նա օգտագործել է նաև 60-70-ականների ջազ, սոուլ կատարող երաժիշտների ստեղծագործությունները, և այս ամենը համադրելով` կենդանի երաժշտական գործիքների` կիթառի, բասի, հնչողության հետ, ստացել է յուրօրինակ գործեր, հաղորդում է LA Weekly պարբերականը:
Ձայներիզը կոչվում է «Փոքր Հայաստան»: Նշենք, որ ներկայումս ԱՄՆ-ում բնակվող հայերը Հոլիվուդի արևելյան հատվածը անվանում են «Փոքր Հայաստան», քանի որ վերջինս մեծամասամբ բնակեցված է հայերով: Այստեղ է մեծացել նաև Բեյ Ռուին, նույն ինքը` Պարույր Փանոսյանը:
Երաժիշտը նշում է, որ ստեղծագործելիս փորձել է առավելագույնս հարազատ մնալ օգտագործված երաժշտության սկզբնաղբյուրների թե հոգեվիճակին, թե տրամադրությանը:
«Փոքր Հայաստանը ավելին է, քան պարզապես Հոլիվուդի հարևանությամբ գտնվող տարածաշրջան, և այն ավելին է, քան Բեյ Ռուի վերջին հիփ-հոփային ալբոմի վերնագիրը: Սա մտածողություն է, վիճակ »,- երաժշտի հետ հարցազրույցից հետո պարբերականում գրում է հոդվածօի հեղինակ Լիզ Օհանեսյանը: