«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հավասարապես իրավունք ունի տնօրինել իր ճակատագիրը, ինչպես այս արևի տակ ապրող յուրաքանչյուր ժողովուրդ», Russia Today հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նախարարի խոսքով` Հայաստանը երբեք չի անտեսել և չի անտեսում պատմական փաստերը, քանի որ դա ոչ մի կերպ չի կարող օգնել ելք գտնել ստեղծված իրավիճակից: «Սակայն պետք է հայացքն ուղղել դեպի ապագա, հակամարտության կարգավորման ուղիներ փնտրել, այլ ոչ թե ասել, որ նպատակը զրո խնդիրներն են, և միաժամանակ նոր խնդիրներ ստեղծել»:
Նալբանդյանի խոսքով` յուրաքանչյուր հակամարտություն բանակցությունների անցկացման իր առանձնահատկությունները, արմատները, դինամիկան և ձևաչափերն ունի: «Միշտ չէ, որ արդարացված է համեմատելը կամ զուգահեռներ անցկացնելը: Սակայն տարբեր հակամարտությունների մեջ կարող են նման տարրեր լինել: Այդ իսկ պատճառով չեմ կարծում, թե ճիշտ է անմիջական զուգահեռներ տանել խնդիրների միջև»,- ասել է Հայաստանի ԱԳ նախարարը:
Ըստ նրա` Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար նախադեպային կորող է լինել, օրինակ, Հարավային Սուդանում անցկացված հանրաքվեն: «Նման բազմաթիվ նախադեպեր կան, պարզապես սա ամենաթարմ օրինակն է: ՄԱԿ-ի անդամ պետություններից շատերն այս նույն ճանապարհն են անցել: Գործնականում գրեթե բոլորն անկախացել են ինքնորոշման սկզբունքի հիման վրա»,- հայտարարել է Նալբանդյանը:
«Հայաստանը պատրաստ է գնալ հակամարտության կարգավորմանը ՄԽ-ի կողմից առաջարկված սկզբունքների հիման վրա, սակայն Ադրբեջանը հայտարարում է, որ երեք սկզբունքներից ընդամենը մեկն է ընդունում, իսկ 6 տարրերից` 5-ը, այն էլ` մեկի իրականացման դեպքում»,- հավելել է Էդվարդ Նալբանդյանը: