Հետխորհրդային տարածքում «իշխանական ուղղահայացի» հաստատմանը զուգահեռ` ոչ պետական ինստիտուտների մեծ մասը կորցնում է իրենց ազդեցությունը: Սակայն մի ուշագրավ բացառություն գոյություն ունի` ազգային եկեղեցիները: 2011 թվականի սկզբում հովվապետերը բացառիկ առույգություն են ցուցաբերում, The National Interest ամերիկյան հրատարակչության էջերում գրում է Կարնեգի Կենտրոնի Կովկասի հարցերով ավագ փորձագետ Թոմաս դե Վաալը:
Այս երևույթն առավել ակնհայտ արտահայտվեց Հայաստանում, Վրաստանում և Ռուսաստանում, գրում է Վաալը: Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ղեկավարում է ոչ միայն հայ առաքելական եկեղեցին, այլ ողջ աշխարհի հայերին:
Իհարկե, իր անսահման ազդեցությունն իրեն հասել է առանց ավելորդ «աղմուկի»: Ի հակադրություն այս փաստի, Իլիա Երկրորդը, ով Վրաց եկեղեցու առաջնորդն է 1977 թվականից ի վեր, և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Առաջինն ավելի նկատելի քաղաքական գործունեություն են ծավալում, և երկուսն էլ համարվում են ճկուն դիվանագետներ:
Կարելի է ասել, որ թե Ռուսաստում և թե Վրաստանում հոգևոր առաջնորդները միակ անձեռնմխելի անձինք են: 2010թ. ապրիլին Վրաստանի Ազգային դեմոկրատական ինստիտուտի կողմից անցկացված հարցման արդյունքում Իլիա Եկրորդը վստահության ապշեցուցիչ ցուցանիշ է ունեցել `մոտ 90%: Սա նրան դարձնում է Վրաստանի ամենահեղինակավոր դեմքը: Համեմատության համար նշենք, որ նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին վստահում է ազգաբնակչության 58%-ը:
Անցյալ տարի համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Առաջինը «Независимая газета»-ի կողմից անցկացվող առաջատար քաղաքական գործիչների ավանդական վարկանշային աղյուսակում 7-րդ տեղն էր զբաղեցրել: Սա բավական լավ ցուցանիշ է քաղաքականությամբ չզբաղվող գործչի համար: Հոգևոր առաջնորդը հետ է մնում միայն Վլադիմիր Պուտինից և Դմիտրի Մեդվեդևից, սակայն առաջ է անցել պաշտպանության և արտաքին գործերի նախարարներից: