Թուրքիայում գործող հայկական դպրոցներն աշակերտներ ընդունելու նոր քաղաքականություն են մշակել: Պատճառը հայերի և թուրքերի խառնամուսնություններից ծնված երեխաների թվի աճն է, գրում է Hurriyet Daily News-ը:
Նախկինում հայկական դպրոցներ էին ընդունվում միայն այն երեխաները, ում երկու ծնողներն էլ Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ էին: Ներկայումս Թուրքիայի կրթության նախարարությունը բարեփոխումներ է իրականացրել. համաձայն գործող օրենքներից մեկի, եթե ծնողներից գոնե մեկը քրիստոնեական եկեղեցու հետևորդ է, ապա երեխան իրավունք ունի ընդունվել համապատասխան դպրոցը:
«Մխիթարյան» հայկական ավագ դպրոցի տնօրեն Գարեգին Պարսամյանը պատմել է Hürriyet պարբերականին, որ դպրոցի շատ աշակերտների ծննդականներում նշված է, որ իրենք մահմեդական պատկանելություն ունեն, ոմանք էլ թուրքերի և հույների խառնամուսնություններից են ծնվել:
«Այդուհանդերձ, այս երեխաները կրթություն են ստանում` համաձայն Հայ առաքելական եկեղեցու սկզբունքների, իսկ ապագայում իրենք ինքնուրույն կորոշեն իրենց կրոնական պատկանելությունը»,- ասել է Պարսամյանը: