Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը պատրաստվում է դատական հայց ներկայացնել «Ժամանակ» օրաթերթի դեմ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայրապետյանը մեկնաբանել է օրաթերթում տպագրված լուրը, որի համաձայն Ռուսաստանից տնտեսական առաջարկ է արվել հայկական կողմին, որի փոխարեն Հայաստանի հավաքականը պետք է տանուլ տա Եվրո-2012-ի Հայաստան-Ռուսաստան հանդիպումը:
«Կարող ա մի օր զզվենք, թքենք ամեն ինչի վրա, ես ականջից բռնեմ ու ուղղակի հարց տամ…Տղա ջան, ես գիտեմ ով ես, քո թերթն ով ա: Կարաք ինձ չսիրեք, բայց շնորք ունեցեք, ձեր երկիրը սիրեք: Սրանից հետո ասում եմ` մեկն իմ հասցեին, հավաքականի հասցեին մի բան ա ասել` պատժելու եմ: Խի անունդ չես գրում, գրի է, էդ լրագրողը, որ դեմքս տենա, տեղում ինսուլտ կստանա», – ասել է ՀՖՖ նախագահը:
Ռուբեն Հայրապետյանը նշել է, որ առաջարկելու դեպքում իրեն պետք է առաջարկեն:
«Ես չեմ կարող մարմնավաճառությամբ զբաղվեմ, էդ մարմնավաճառություն ա: Ոնց կարելի ա տենց, պատկերացնում եք ժողովուրդ ջան, ինչ վիճակի մեջ եք գցում մեզ: Ֆուտբոլ ա` ամեն ինչ էլ կարա լինի», – հայտարարել է Հայրապետյանը: Նա հարց է ուղղել լրագրողներին` «այսինքն ես վաճառվո՞ղ եմ»:
Նա նշել է, որ Հայաստանի անկախության 19 տարվա ընթացքում Սերժ Սարգսյանը միակ նախագահն է եղել, ով անմիջական աջակցություն է ցուցաբերել Հայաստանի ազգային հավաքականին:
«Եթե դա չլիներ, ես վաղուց հրաժարական էի տվել», – ասել է Հայրապետյանը` հավելելով, որ «էս Լևոն Տեր-Պետրոսյանի ոհմակի հերթական խարդավանքներն են, հեսա նոր ինտրիգներ են քցում»:
«Տպում են հոդվածներ, որոնք վարկաբեկում են ֆուտբոլը, երկիրը, պետությունը: Չեն հասկանում, որ էդ հոդվածները ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կողմից ուշադրության են արժանանում, քննություն է սկսվում: Ով կնստի, կբանակցի մի երկրի հետ, որ խաղ ա ծախում: Չի կարելի ժողովուրդ ջան», – ասել է Ռուբեն Հայրապետյանը: