Այսօր ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ, ինչպես և ամեն ուրբաթ, ակցիա էին անում քաղբանտարկյալների կանայք: Ակցիային մասնակցում էին նաև նախկին քաղբանտարկյալներն ու Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստները:
«Նահանջ չի եղել երբեք. այն ժամանակ նամակներն առձեռն էինք տալիս, հիմա գցում ենք արկղի մեջ, որովհետև իրենք պատասխան չեն տալիս: Ասում են` կցում ենք քրեական գործերին: Ի՞նչ քրեական գործ, բնական է` մենք համաձայն չենք, սա քաղաքական է: Այդ օրվանից նամակի բովանդակությունը չի փոխվել: Մարտի մեկի բացահայտում, կեղծված ընտրություններ, քաղբանտարկյալների ազատում», – Epress.am-ի հետ զրույցում ասել է ակցիայի նախաձեռնողներից Սոնա Մուրադյանը:
Նրա խոսքով` այն փաստը, որ քաղբանտարկյալներից միայն ինն են շարունակում մնալ բանտերում, միայն իրենց պայքարի արդյունքն է:
Ակցիայի մասնակիցներն ավանդաբար ձեռքերում պահում էին քաղբանտարկյալների նկարները և պաստառներ` նրանց ազատելու պահանջով: Այսօր այդ պաստառներին ավելացել էր նոր գրությամբ պաստառ` «Կոտորած` ապօրինի իշխանության կողմից. մարտի 1-ը արյունոտ բաց վերք է, մեր վիշտն է, կազմակերպված է Հայաստանի իշխանության կողմից»:
Հավաքվածները վանկարկում էին «Պատժել մարտի մեկի ոճրագործներին», «Սերժիկ, հեռացիր», «Ամոթ, ամոթ» կարգախոսները: