Եթե Հայաստանում 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ սափրագլուխների, օլիգարխների թիկնապահների կամ տարբեր տեսակի սադրիչների էին ուղարկվում, ապա Եգիպտոսում ցույցերին ուղարկում էին ձիավորների և ուղտեր, որոնք նույն ֆունկցիան են կատարում: Խոսելով Հայաստանում մարտյան դեպքերի և Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունների միջև նմանությունների մասին` այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել նախկին արտգործնախարար, ՀԱԿ անդամ Ալեքսանդր Արզումանյանը:
Նա բնական է համարել, որ Հայաստանի իշխանությունները լռություն են պահպանում և խուսանավում են Եգիպտոսի դեպքերին գնահատականներ տալ:
«Որովհետև ոչ լեգիտիմ իշխանությունը, որը սպանդով իշխանություն է պահել, անշուշտ, պետք է պաշտպանի, աջակցի իր նման ոչ լեգիտիմ բռնապետին: Իսկ երբ մարդիկ պայքարում են բռնապետության դեմ, և հանկարծ մի ուրիշ բռնապետի մասին ձայն չեն հանում, սսկված նայում են, դա անընդունելի մոտեցում է, որովհետև դա զրկում է այդ մարդկանց վաղը ակնկալելու այլ շարժումների աջակցությունը»,- նշել է Արզումանյանը:
Խոսելով նման իրավիճակներում առաջնորդների անհրաժեշտության մասին` նա ասել է, որ երբ ժողովուրդների ցասման պահն է գալիս, կարևոր չէ` առաջնորդ կա, թե ոչ:
«Եգիպտոսի, Հորդանանի, Յեմենի և Թունիսի դեպքերը ցույց են տալիս, որ, ի հեճուկս ղեկավարների, ժողովուրդն ինքն է դուրս գալիս փողոց: Որևէ ելույթ լսե՞լ եք, որ մարդիկ անալիտիկ ելույթներ կարդան, բացատրական աշխատանքներ տանեն: Ոչ, շատ պարզ է այդ հեղափոխության գաղափարախոսությունը: Եգիպտոսի հիմնական սլոգանը երեք բառ է` հաց, ազատություն և արժանապատվություն: Եվ այս կարգախոսը կարող է աշխատել նաև Հայաստանում: Այսօր սոցիալական խնդիրների ի հայտ գալն էլ ապացուցում է այս կարգախոսի արդիականությունը»,- ասել է Արզումանյանը: