Փետրվարի 4-ին, ժամը 15-ի սահմաններում, Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները Գյումրի քաղաքի Շառլ Ազնավուրի հրապարակի վրա գտնվող «Բյուզարդ» ռեստորանային համալիրից ոստիկանության Շիրակի մարզային վարչություն են բերման ենթարկել թվով 20-25 անձանց, գրում է «Առավոտ» օրաթերթը:
Նշված անձանց մեջ են եղել հանցագործ աշխարհում հայտնի «օրենքով գողեր», նախկինում դատապարտված «Զավ» մականունով 43-ամյա Անդրանիկ Սողոյանը, «Օշականցի Գևորիկ» մականվամբ 41-ամյա Գևորգ Մելիքյանը, «Պավլուշի տղա Սուրո» մականվամբ 47-ամյա Ալեքսանդր Մակարյանը, «Մանեթի տղա Սամո» մականվամբ 38-ամյա Սամվել Հարությունյանը, «Աֆուլիկ» մականվամբ 32-ամյա Ռաֆայել Խորեցյանը, ինչպես նաև հանցագործ աշխարհում հեղինակություններ համարվող «Վստրեչի ապեր» մականվամբ 40-ամյա Արամ Վարդանյանը և 37-ամյա Սպարտակ Ղուկասյանը` Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին: Բոլորը ենթարկվել են խուզարկման: Նրանք կեսգիշերին ստորագրությամբ ազատ են արձակվել, ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում նյութեր են նախապատրաստվում: