«Իրանը սկսել է բացահայտ կերպով հարձակումներ գործել Ադրբեջանի վրա` քննադատելով մեր երկիրը: Փաստորեն, Իրանը զբաղվում է սեփական ազգաբնակչության հիմարացմամբ, իսկ հեռուստատեսությամբ և այլ ԶԼՄ-ների միջոցով հակաադրբեջանական քարոզչություն է տարվում»,- vesti.az-ի հետ զրույցում հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Ֆիքրեթ Սադիխովը:
Նրա խոսքով` Իրանը որոշ շտկումներ է մտցրել արտաքին քաղաքականության մեջ, ինչի մասին վկայում է արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի փոփոխությունը:
Քաղաքագետի խոսքով` Իրանն ընդլայնում է Հայաստանի հետ հարաբերությունների շրջանակները` գրեթե դառնալով նրա դաշնակիցը:
«Չնայած Ադրբեջանի հետ իսլամական համերաշխության, եղբայրության , ընկերության բարձրագոչ հայտարարություններին, Իրանը ավելացնում է Հայաստանի տնտեսական, հումանիտար և անգամ ռազմա –տեխնոլոգիական հնարավորությունները»,- ասել է Սադիխովը:
Քաղաքագետը նշել է, որ նախևառաջ Իրանը միշտ անթաքույց նախանձախնդրությամբ է վերաբերվել «անկախ և աշխարհիկ Ադրբեջանին», քանի որ Իրանում ապրում են ավելի քան 30 մլն ադրբեջանցիներ, որոնք գավառական մակարդակով անգամ չունեն դպրոցներ, ինստիտուտներ, սեփական ԶԼՄ:
«Նրանք ավելի կաշկանդված են զգում, քան փոքրաթիվ հայ համայնքը», – եզրափակել է Սադիխովը: