Այսօր Շիրակի մարզապետարանի մոտ կրկին հավաքվել էին Գյումրիում աշխատող վարորդները, ովքեր շարունակել են շաբաթ օրը սկսված բողոքի ակցիան:
Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին մի քանի տասնյակ վարորդներ մարզպետարանի մոտ բողոքում էին Վրաստանից Հայաստան բերվող մեքենաների համար սահմանված բարձր մաքսատուրքի դեմ:
Ինչպես Epress.am-ի հետ զրույցում ասել է բողոքի ակցիայի մասնակից Վահան Խաչատրյանը, վարորդները սկզբում հավաքվել և սպասել են պատասխանի, սակայն հետո որոշել են մեքենաներով փակել դեպի մարզպետարան տանող երկու ճանապարհները:
Տեսնելով ստեղծված իրավիճակը` մարզպետ Աշոտ Գիզիրյանի տեղակալ Սեյրան Պետրոսյանը իջել է հավաքվածների մոտ:
«Փոխմարզպետը որևէ լուրջ բան չի ասում, փորձում է համոզել մարդկանց, որ բացեն ճանապարհը, բայց վարորդներն ասում են քանի դեռ մեզ դրական պատասխան չեն տվել մենք այստեղից չենք գնալու»,- ասել է Վահան Խաչատրյանը:
Նա նշել է, որ վարորդները վիրավորվել են, որ մարզպետն իրենց մոտ իջնելու փոխարեն ասել է, որպեսզի հինգ ներկայացուցիչ բարձրանան իր մոտ զրույցի: Վարորդները չեն գնացել մարզպետի մոտ և որոշել են գնալ դեպի Ազատան գյուղ ու փակել Գյումրի-Երևան ճանապարհը: Ազատանում նրանք որոշել են սպասել երկու ժամ, և, եթե հարցը չլուծվի, վարորդները կշարժվեն դեպի Բավրա` փակելու Հայաստանից Վրաստան տանող ճանապարհը: