Այսօր Ստամբուլում կկայանա թուրքահայ լրագրող, «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատավարության հերթական նիստը: Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը Ստամբուլից, նիստին ներկա լինելու համար երեկ Թուրքիա է ժամանել ԵՄ-Թուրքիա խորհրդարանական կոմիտեի նախագահ Էլեն Ֆլոտրը:
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանները բազմիցս հրապարակային ելույթներ են ունեցել` նշելով, որ դատավարության ընթացքում մեծ թվով խախտումներ են իրականացվում, իսկ 2010 թվականի սեպտեմբերի 14-ին Եվրոպայի մարդու իրավունքների դատարանի վճիռը Թուրքիայի իշխանությունները հաշվի չեն առել: Համաձայն վճռի` Դինքի սպանության գործի քննության ընթացքում ի հայտ են եկել
է բազմաթիվ սխալներ կամ խախտումներ: Դատարանի երզակացության մեջ նաև նշվում էր, որ Թուրքիայի կառավարությունը չի ապահովել Հրանտ լրագրողի կյանքի իրավունքը: Փաստաբանների կարծիքով` վերջին շրջանում դատական ատյանները նույնպես առաջընթաց չեն արձանագրել գործի քննության ընթացքում: Միակ փոփոխությունը, որ տեղի է ունեցել արդեն 2011 թվականին, այն է, որ Թուրքիայի դատական ատյանների որոշմամբ` փոխվել է դատական նիստերն անցկացնող դատավորը:
Էլեն Ֆլոտրն այսօր հնարավորություն կունենա հետևել, թե ինչպես է անցնում Դինքի սպանության գործով դատական նիստը: Նշենք, որ փետրվարի 9-ին նա կմասնակցի գրող, ակտիվիստ Պինար Սելեկի դատավարությանը, ում մեղադրում են 13 տարի առաջ Ստամբուլի Եգիպտական շուկայում ահաբեկչություն իրականացնելու մեջ: