Գործարար Արա Կարապետյանի քույրը` Ծովինար Կարապետյանը, ներկա պահին իրեն թույլ չի տա ասել, թե ինչպիսի ենթատեքստ ունի գործարար Արա Կարապետյանին մեղադրանք առաջադրելը և նրան երկու տարի ԱԱԾ խցում պահելը, սակայն չի կարծում, որ այդ գործընթացում քաղաքական ենթատեքստ կա:
Այսօր ՀՀ նախագահի նստավայրի առջև հավաքվել էին ՀՀ մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի տան վրա 2008 թվականի հոկտեմբերի 27-ի կեսգիշերին կազմակերպված ավազակային հարձակման գործով մեղադրվող տասը անձանցից մեկի` գործարար Արա Կարապետյանի հարազատները և ընկերները, ովքեր գտնում են, որ մեղադրանքն անհիմն է, և պահանջում են արդար դատավարություն:
Բողոքի ակցիայի մասնակիցներն իրենց հետ պաստառներ էին բերել, որոնց վրա գրված էր` «Ազատություն Արա Կարապետյանին», «Մի դատեք առանց ապացույցների», «Վստահում ենք նախագհին»:
Լրագրողների հետ զրույցում Ծովինար Կարապետյանն ասել է, որ իր եղբորը մեղադրում են ավազակային խումբ ձևավորելու և ավազակային հարձակումներ կատարելու մեջ, սակայն դատավարությունների ընթացքում որպես ավազակային խմբի անդամներ կասկածվող տասը անձանցից վեցը հայտարարել են, որ չեն ճանաչում Կարապետյանին:
«Այս դատավարությունն ամբողջովին հաշվեհարդար է Արա Կարապետյանի նկատմամբ, սակայն ես ինձ թույլ չեմ տա որևէ մեկին կասկածել. երբ փաստեր և ապացույցներ ունենամ, այդ ժամանակ ինչ-որ բան կարող եմ ասել»,- ասել է Ծովինար Կարապետյանը:
Նա նշել է նաև, որ այսօր ինքը ցանկանում է Արա Կարապետյանի կողմից գրված նամակը հանձնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, սակայն հրաժարվում է դա փոխանցել նամակների բաժին:
«Ես սա միայն նախագահին կտամ, կամ նամակների բաժնից ավելի բարձր ինստանցիաներին, բայց ոչ նամակների բաժին»,- ասել է մեղադրյալի քույրը:
Epress.am-ի այն հարցին, թե ինչ բովանդակություն ունի նամակը, մեր զրուցակիցը չի ցանկացել ասել` պարզաբանելով, որ նման իրավասություն չունի:
«Սա անձամբ գրել է Արա Կարապետյանը, և ես չեմ կարող ասել, թե ինչ է գրված այնտեղ, բայց համոզված եմ, որ ամեն մանրամասնություններով նախագահին ներկայացված է իրողությունը»,- ասել է նա:
Մեր այն հարցին, թե որոնք են լինելու Արա Կարապետյանի հարազատների հետագա քայլերը և իրենք ակնկալում են արդյոք արդար դատավարություն, Ծովինար Կարապետյանն ասել է, որ ինքը Հայաստանում արդար դատավարության ակնկալիք ունի:
«Մեր հետագա քայլերը պայմանավորված կլինեն նրանով, թե որքան կցանկանա դատարանն արդար դատ իրականացնել, իսկ հույս ես միշտ էլ ունեմ», -ասել է Կարապետյանը:
Նշենք, որ ակցիայի ընթացքում հինգ-վեց ոստիկաններ բանակցում էին Ծովինար Կարապետյանի հետ ակցիայի անցկացման կոնկրետ վայրի վերաբերյալ: Կողմերը համաձայնության եկան, և ակցիան կայացավ նախագահական նստավայրից բավական հեռու` դիմացի մայթին գտնվող խանութի մոտ: