Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը որոշել է բացօթյա ազգային համաժողով անցկացնել, որի ընթացքում մասնակիցները վերջնագիր կընդունեն: Այդ վերջնագիրն էլ կներկայացնի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Այս մասին լրագողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է ինքը` Տիգրան Կարապետյանը` նշելով, որ վերջնագրի մեջ նշված են կետեր, որոնք Կարապետյանի համակիրները պահանջում են անհապաղ կատարել: Կետերից մեկով, մասնավորապես, Կարապետյանը պահանջում է համագործակցություն ժողովրդի հետ: Եթե պահանջարկն արհամարվի, Ժողովրդական կուսակցության նախագահը փետրվարի 28-ին «կհայտարարի արտահերթ ընտրությունների պահանջարկ»:
Ինչպես և հունվարի 31-ին կայացած իր ասուլիսի ընթացքում, բանախոսն այսօր էլ ընդգծել է, որ իրենց այս պահանջն ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսի պահանջից տարբերվում է նրանով, որ իրենք նախ խորհրդարանական ընտրություններ են պահանջում, այնուհետև` նախագահական:
«Օրինակ, մեր պահանջի մեջ մեծ տեղ է գրավում իպոտեկան. օրենքը կա, բայց չի գործում, ինչի են երիտասարդներից պահանջում 350000 դրամ աշխատավարձի չափ: Ինչու չէ, այնտեղ կլինի փողոցի առևտուրը, բանկային համակարգը, որը պատանդի մեջ է պահում ողջ բնակչությանը, և էդպիսի կետեր կան: Դեռ 18-ը կան, երեք կետ էլ կավելացվի»,- մեկնաբանել է Տիգրան Կարապետյանը` չմասնավորեցնելով առանձին կետերի բովանդակությունը:
Նա նշել է, որ բացօթյա առևտուր իրականացնողները կոլեկտիվ դիմել են իրենց, և առաջիկա հանրահավաքին նրանց ձայն է տրվելու:
Epress.am-ի այն հարցին, թե ինչպես են պատկերացնում Տիգրան Կարապետյանը և իր թիմը ներկայացնելիք պահանջների լուծման եղանակները, ինչպես, օրինակ, բանկային համակարգում բարեփոխումներ իրականացնելու ծրագիրը, վերջինս ասել է.
«Մենք համարում ենք` այս բանկային քաղաքականությունը կողոպուտ է, ասենք` գումարը ստանում են Համաշխարհային բանկից կամ Ռուսաստանից մի տոկոս տոկոսադրույքով կամ առանց տոկոս: Օրինակ, ՌԴ-ից 500 միլիոնը ստացան առաջին երկու տարին առանց տոկոս, հետո մի տոկոս, հետո` այդպես. անբարոյական է, երբ մի տոկոսով ստանում են և 30-ով տալիս են ժողովրդին: Մեր ծրագիրը հենց դա է` ձրի ստանում ես, ձրի տուր, որ մենք արդար գործենք»,- ասել է բանախոսը:
Մեր այն հարցին, թե կան համապատասխան մասնագետներ իր թիմում, որոնք մշակում են նման պահանջները, Կարապետյանն ասել է, ոչ միայն մասնագետներ ունեն, այլ նաև 3500 չինովնիկական կադրեր:
«Այդ չինովնիկական բանակն այդքան է մեր, եթե գրավոր է ձեզ պետք, դիմեք, մենք կտանք ձեզ դա (նկատի ունի մարդկանց ցուցակը – Epress.am)»,- ասել է Կարապետյանը: