Home / Հայաստան / Դաշնակցությունը ցանկանում է Հայաստանում «անարյուն հեղափոխություն» իրականացնել

Դաշնակցությունը ցանկանում է Հայաստանում «անարյուն հեղափոխություն» իրականացնել

Հիմնական խնդիրն այն է, որ մեր բոլոր խախտումների և իրավունքների պաշտպանությունը սկսվում է ընտրական իրավունքից, որի պաշտպանությամբ այս երկրում երաշխավորվելու են թե’ քաղաքական, թե’ քաղաքացիական մնացած իրավունքները: Այս մասին հայտարարել է Դաշնակցություն կուսակցության անդամ Արմեն Ռուստամյանը` խոսելով կուսակցության նոր նախաձեռնության` «Ընտրական իրավունքի» շարժման մասին:

Շարժումն, ըստ բանախոսի, նպատակ է հետապնդում ժողովրդի իշխանություն հաստատել ընտրական իրավունքի իրացման միջոցով:

«Մենք` ուսումնասիրելով մեր անցած փորձը, տարբեր ժամանակներում հետընտրական լարվածությունների, ինչու ոչ` ներքաղաքական բախումների, մեր առջև խնդիր ենք դրել: Դա քաղաքական խնդիր է` իշխանափոխություն իրականացնել», – ասել է Ռուստամյանը:

Դա հնարավոր է իրականացնել առանց ցնցումների և «անարյուն հեղափոխության»` մեծ հասարակական մոբիլիզացիայի շնորհիվ, հավելել է Ռուստամյանը: Այս գաղափարը, նրա խոսքերով, կարող է ծառայել բոլոր քաղաքական ուժերի մոբիլիզացիային, ովքեր իսկապես շահագրգռված են ընտրական իրավունքի պաշտպանության հարցով: «Բացարձակապես կարևոր չէ, թե ընտրողն, ի վերջո, ձայնն ում կտա: Կարևոր է, նախևառաջ, որ ընտրի, իր ընտրությունը կարևորի»:

Դաշնակցական գործիչը նաև նշել է, որ ընտրական համակարգում գույություն ունեցող համատարած արատավոր դրսևորումները հանգեցրել են նրան, որ ընտրողն իր ձայնը չկարևորելով, վաճառում կամ զիջում է այն` ազդվելով այս կամ այն ճնշումներից:

«Բնականաբար, դրանից օգտվում է իշխանությունը: Իշխանության վերարտադրելիությունը կանխելու և հակակշռելու համար ընտրական գործընթացների վրա իշխանությունների, այսպես ասած, անսանձ վերահսկողությունը հնարավոր է իրականացնել միայն այս ժողովրդավարական լայն շարժումը ձևավորելու միջոցով», – ասել է բանախոսը:

Ռուստամյանի խոսքով` իրենց շարժումը պետք է առանձին մարտավարություն մշակի երեք փուլերի համար:

«Առաջինը` մինչև ընտրությունների փուլն է, այս ամբողջ աշխատանքը պիտի կատարվի նախ ընտրական իրավունքի նշանակությունը բացատրելու համար: Երկրորդ փուլն է բուն ընտրությունների օրը. ամենինչ պետք է արվի, որ այդ օրը, հաշվի առնելով ունեցած պաշարը, հնարավոր լինի ընտրատեղամասերում արձանագրել տեղի ունեցող խախտումները: Երրորդ փուլը հետընտրականն է: Պետք է այդ հիմքի վրա կարողանալ հասնել լուրջ բողոքարկման», – բացահայտել է Ռուստամյանը: