Բուլղարիայի Վառնա քաղաքի Հայ Առաքելական եկեղեցու սպասավոր տեր Սարգիս քահանա Հովհաննիսյանը, ով անցյալ տարվա ամռանը ծեծի էր ենթարկվել գիշերային ակումբում, «գերազանց առողջության մեջ է»: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել են Բուլղարիայի հայ համայնքի ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ երեկ մեզ հետ զրույցում Վեհափառ Հայրապետ Գարեգին Բ-ի մամուլի խոսնակ տեր Վահրամը նշել էր, որ տեր Սարգիս քահանա Հովհաննիսյանին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրավիրել է զրույցի, սակայն նա դեռ չի ներկայացել, քանի որ գտնվում է ապաքինման մեջ: Մինչ այդ Բուլղարիայի թեմական խորհուրդը նամակ էր ուղարկել Մայր Աթոռ, որում նշվում էր գիշերային ակումբում տեղի ունեցած միջադեպի մասին:
Բուլղարիայի հայ համայնքի ներկայացուցիչները գտնում են, որ «Մայր Աթոռի տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը կամ տվյալ քահանան ուղղակի ստում է Վեհափառին»:
Բուլղարահայերի շրջանում նաև խոսակցություններ կան, որ ամուսնալուծվելուց հետո տեր Սարգիսը բնակվում է իր ընկերուհու հետ, և հայերը չեն ցանկանում, որպեսզի այդ քահանան իրենց քարոզի:
Հիշեցնենք, որ 2010 թվականի հուլիսի 31-ի գիշերը տեր Սարգիս քահանա Հովհաննիսյանը հարձակման էր ենթարկվել հայտնի Զլատի պյասցի հանգստավայրի «Արոգանս» գիշերային ակումբում: Զուգարան գնալու ճանապարհին նրա վրա մի քանի մարդ էր հարձակվել և հարվածներ հասցրել գլխին: Վնասվել էր քահանայի աջ աչքը: Տեղի հիվանդանոցներից մեկում նրան շտապ վիրահատել էին, երկար ժամանակ վտանգ կար, որ եկեղեցականը կարող էր կույր մնալ:
Ոստիկանության ներկայացուցչի հետ զրույցում քահանան ասել էր, որ ինքը Ռուսաստանից եկած ընկերոջ հետ էր այցելել ակումբ, որտեղ իրենք ընդամենը «2 հատ հիսուն վիսկի էին խմել»:
Բուլղարիայի հայ համայնքում լուրեր են շրջանառվում, որ տեր Սարգիսը ներգրավված է նաև թմրանյութերի բիզնեսի մեջ:
Epress.am-ի հետ զրույցում տեր Վահրամը նշել էր, որ Էջմիածինն այս հարցում «հետևողականություն կցուցաբերի և քահանայի հետ զրույցից ու գործը քննելուց հետո որոշում կկայացնի»: