Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին պահանջել է կառավարության անդամներից իրենց արձակուրդն անցկացնել Ֆրանսիայի սահմաններում:
Նման որոշման պատճառ է դարձել Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի և ԱԳ նախարար Միշել Ալիո-Մարիի շուրջ ծավալվող սկանդալը: Լրագրողները պարզել են, որ երկու պաշտոնյաների` Եգիպտոսում և Թունիսում անցկացրած հանգստի համար մասամբ վճարել են տեղի իշխանությունները:
Պարզվել է, որ վարչապետն իր ընտանիքի հետ Եգիպտոսի տարածքում շրջագայում էր նախագահ Հոսնի Մուբարաքի տրամադրած ինքնաթիռով, իսկ ԱԳ նախարարն օգտվել է Թունիսի պաշտոնանկ արված նախագահ Բեն Ալիի շրջապատի գործարարներից մեկի ինքնաթիռից:
«Խորհուրդ եմ տալիս ձեզ այսուհետ հանգստանալ Ֆրանսիայում: Արտասահմանցիների կողմից նմանատիպ շնորհներն ու առաջարկները պետք է նախապես համաձայնեցվեն վարչապետի և նախագահի վարչակազմի հետ»,- հայտարարել է Սարկոզին:
Նրա խոսքով` բոլորը պետք է վստահ լինեն, որ նման շրջագայություններն ու «նվերները» չեն հակասում Ֆրանսիայի արտաքին քաղաքականության սկզբունքներին»:
ֆիյոնն ու Ալիո-Մարին արդեն խոստովանել են, որ իրականում օգտվել են նշված պետությունների ղեկավարների կողմից տրամադրած ինքնաթիռներից և խոստացել են այսուհետ նման քայլի չդիմել: Ֆրանսիական ընդդիմությունը հայտարարել է, որ պահանջելու է պաշտոնյաների հրաժարականը: