Home / Հայաստան / Ընտրություններից առաջ Տեր-Պետրոսյանը որդուն ուղարկել էր ԱՄՆ. եղբորորդուն մերժեցին

Ընտրություններից առաջ Տեր-Պետրոսյանը որդուն ուղարկել էր ԱՄՆ. եղբորորդուն մերժեցին

«Русский репортер»-ը շարունակում է հրապարակել Wikileaks կայքի կողմից գաղտնազերծված նյութերը, որոնք այս անգամ անդրադառնում են Հայաստանում ամերիկացի պաշտոնյաների նամակագրությանն ու փաստաթղթերին:

Համաձայն նոր հրապարակման` Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Պենինգթոնը գրում է, որ ներկայիս քաղաքական ճգնաժամը խթան հանդիսացավ Հայաստանի այն բնակիչների համար, ովքեր վաղուց մտադրություն են ունեցել լքել երկիրը` ավելի լավ կյանքի փնտրտուքներով, իրականություն դարձնելու իրենց մտադրությունը: Եվս 20 հոգի դեսպանատուն դիմեցին մարտի մեկին տեղի ունեցած ճակատագրական բախումներից և լարված իրավիճակից հետո` ԱՄՆ-ում ապաստան ստանալու նպատակով:

«Ընդդիմադիր առաջնորդները դիմեցին մեզ տուրիստական վիզա կամ ապաստան ստանալու նպատակով: Նրանցից մեկը Լևոն Տեր-Պետրոսյանի եղբորորդին էր, ով, ըստ տեր-Պետրոսյանի տեղակալներից մեկի. ներկայումս թաքնվում է ԱՄԷ-ում` վախենալով սեփական կյանքի համար:

Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձը դիմել էր դեսպանատուն տուրիստական վիզա ստանալու խնդրանքով և պնդում էր, որ Տեր-Պետրոսյանի եղբորորդին` Տիգրանը, չի պատրաստվում քաղաքական ապաստան խնդրել ԱՄՆ-ի իշխանություններից: Մենք բացատրեցինք Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչներին, որ Տիգրանի հարցում վստահության բացակայության պատճառով, չենք կարող միջամտել վիզայի տրամադրման գործընթացին, այդ իսկ պատճառով նա ստիպված է ընդհանուր հիմունքներով դիմել Դուբայում գտնվող գլխավոր հյուպատոսարան:

Լևոն Տեր-Պետրոսյանի որդին` Դավիթը, հոր պահանջով մեկնել է Լոս Անջելես ընտրություններից առաջ, կրկին կյանքի համար վտանգի պատճառով: Մեր տեղեկություններով` նա դեռ չի վերադարձել: Թեև դժվար է պարզել նման պնդումների իսկությունը, չի կարելի բացառել այն փաստը, որ Հայաստանում անկախությունից հետո քաղաքականության ակնառու և բնորոշիչ հատկություններից է դարձել բռնությունը: