Home / Հայաստան / Wikileaks. Սերժ Սարգսյանը իշխանության է բերում քրեական հեղինակություններին

Wikileaks. Սերժ Սարգսյանը իշխանության է բերում քրեական հեղինակություններին

Wikileaks կայքի կողմից գաղտնազերծված և «Русский репортер» կայքի հրապարակած փաստաթղթերի և նամակագրությունների համաձայն` Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Պենինգթոնը գրել էր, որ միջազգային տնտեսական ճգնաժամով պայմանավորված Հայաստանի ծանր ֆինանսական իրավիճակը և քաղաքական անկայունությունը խթանում են մարդկանց արտահոսքը երկրից:

Պենինգթոնը գրել է.

«Ոստիկանության ղեկավարը վերջերս հանդիպել է Ֆինանսների փոխնախարար, կառավարությունում երիտասարդ, առաջատար բարեփոխող Դավիթ Ավետիսյանի հետ, ով մեծագույն ցինիզմով է բնութագրել կառավարության բռնած ուղին:

Նա այս տարվա վերջի համար երկրում կանխատեսել է խորը տնտեսական և քաղաքական ճգնաժամ: Նա նաև համոզմունք է հայտնել, որ Սերժ Սարգսյանը երկրի ժողովրդի և միջազգային հանրության շահերից բխող բարեփոխումներ իրականացնելու փոխարեն ստահոդ հայտարարություններ է անում: Ավետիսյանը հայտարարել է, որ վարագույրների հետևում նոր նախագահը զբաղվում է իշխանության կենտրոնացմամբ, հետ է մղում բարեփոխումների կողմնակիցներին և իշխանության է բերում քրեական աշխարհի հեղինակություններին: Արդյունքում, ասել է Ավետիսյանը, ինքը, ամենայն հավանականությամբ, կլքի իր պաշտոնը կառավարությունում և մայիսին կմեկնի Վաշինգտոն` Վերակառուցման և զարգացման համաշխարհային բանկում աշխատանքի անցնելու նպատակով:

Հայաստանում արտագաղթը նոր միտում չէ: Մեր ունեցած տվյալների համաձայն`  ԽՍՀՄ-ի փլուզումից և անկախության ձեռքբերումից հետո Հայաստանից գաղթել է մոտ 1 մլն մարդ` ամբողջ բնակչության մոտ մեկ երրորդը: Այս իրավիճակում նորություն է այն, որ երկիրը լքում են բարենպաստ պայմաններում ապրող միջին խավի ներկայացուցիչները, որոնք ավելի վաղ դիմանում էին երկրի անկախ զարգացման բոլոր դժվարություններին, բայց վերջիվերջո համոզվեցին իրենց սպասումների անիմաստության մեջ: Այսպիսի մարդկանց կորուստը երկրի համար մեծ նշանակություն ունի` նրանք կմնային, եթե երկիրը ճիշտ ուղղությամբ զարգանար:

Սակայն ծանր քաղաքական ճգնաժամից հետո երկրից հեռանալու նրանց որոշումը ավելի խորը արմատներ ունի: Երկրին նվիրված երբեմնի հայրենասեր, բայց հիասթափված քաղաքացիները դադարեցին հավատալ, որ կառավարությունը  մտածում է իրենց բարեկեցության մասին կամ տանում է երկիրը զարգացման ճանապարհով»:

Ոմանք էլ խոսում են հասարակության  բարոյական հետընթացի մասին, որտեղ լավ կապեր ունեցող և օրենքից չվախեցող հարուստ վերնախավը, ոտնահարում է հասարակ քաղաքացիների իրավունքները: Վերջերս միջին դասի դժգոհության ձայներին են միացել նաև հիասթափված  պաշտոնատար անձանց դժգոհությունները, ովքեր նույնպես պատրաստվում են արտագաղթել:

50- ամյա հայ դիվանագետ Կարինա Աֆրիկյանը լքել է աշխատանքը փետրվարի վերջին, որպեսզի այլ դիվանագետների հետ համատեղ հայտարարություն հրապարակի` չեղյալ հայտարարելով Հայաստանի նախագահական ընտրությունները: Աֆրիկյանն ասում է, որ անկախության ձեռքբերումից հետո Հայաստանում բնակվելու ողջ ընթացքում նա փորձում էր իր ներդրումն ունենալ երկրի զարգացման գործում հետխորհրդային ժամանակաշրջանում, բայց այժմ նա կորցրել է բոլոր հույսերը և պատրաստվում է արտագաղթել:

Կարինե Աֆրիկյանն ասել է դեսպանատան աշխատակցին, որ «Հայաստանի դեռահասները այժմ պետք է սովորեն հարմարվել կոռումպացված, բռնապետական հասարակությանը, որպեսզի կարողանան գոյատևել և հաջողության հասնել»: Նա նաև նշել է, որ երիտասարդ սերունդը «կամ իր հոգին կվաճառի» այս գործընթացի ընթացքում, կամ կարտագաղթի` իշխանության կողմից ստեղծված ռեժիմից խուսափելու համար»: