«Առցանց Ազատականների ալյանս» կազմակերպությունը Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի դեռևս թափուր տեղի համար առաջարկել է իր թեկնածուներին:
Ըստ «3Ա»-ի` ՄԻՊ թեկնածուներն են` Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, լրագրող, իրավապաշտպան, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի նախագահ Ժաննա Ալեքսանյանը, իրավապաշտպան, ԽՍՀՄ տարիների քաղբանտարկյալ, ՀՀ քաղբանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեի համակարգող Վարդան Հարությունյանը:
Այս առաջարկով 3Ա-ն ՀՀ թվով երրորդ մարդու իրավունքների պաշտպանին ընտրելու նախաշեմին ցանկանում է հասարակության ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ համազգային աղետի որակ ձեռք բերող ու ահագնացող արտագաղթը խթանող ծանրակշիռ հանգամանքներից մեկը հենց մարդու իրավունքների ոտնահարումն է Հայաստանում:
«Միթե մեր իշխանավորները, մասնավորապես Ազգային ժողովում մեր շահերը ներկայացնելուն հավակնող պատգամավորները ուշքի չեն գալու գոնե ինքնապաշտպանության բնազդից դրդված: Չեն հասկանալու, որ ոչ թե խամաճիկ, այլ լիովին անկախ ու ինքնուրույն գործող մեկի կարիքն ունենք: Մարդու, ով արդեն իսկ իր գործունեությամբ ապացուցել է այդպես գործելու իր ունակությունը», – ասված է հայտարարություն-առաջարկի մեջ: