Վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների վարորդներն այսօր ի նշան բողոքի պատրաստվում էին անցկացնել ավտոերթ, սակայն ոստիկանները շրջում են փողոցներում, և բոլոր վրացական համարներով մեքենաների վարորդներին կամ ահաբեկում են, կամ նրանց մեքենաները տանում են տուգանային հրապարակ:
Ինչպես Epress.am-ին փոխանցեցին ակցիաների մասնակիցներ Վահագն Խաչատրյանը և Կարեն Պողոսյանը, այս ամենն արվում է նրա համար, որպեսզի խոչընդոտվի այսօրվա ավտոերթը: Մեր զրուցակիցները նշել են, որ վարորդներին տանում են ոստիկանության բաժին և որոշ ժամանակ այնտեղ պահելուց հետո բաց են թողնում: Կարեն Պողոսյանը նաև նշել է, որ ոստիկանները վարորդներին հորդորել են «նամակ գրել, խելոք մնալ, սպասել ու չբողոքել»:
Վահագն Խաչատրյանի խոսքով` ոստիկանները երեկ նկարահանումներ են կատարել և այսօր հիմնականում տուգանային հրապարակ են տանում այն վարորդների ավտոմեքենաները, որոնք մասնակցել են երեկվա բողոքի ավտոերթին:
Հիշեցնենք, որ Գյումրիում վարորդներն արդեն մի քանի օր է բողոքի ակցիաներ են անցկացնում` պահանջելով վերականգնել մեքենաների մաքսազերծման մասին նախկին օրենքը և մաքսատանը մեքենաները գնահատելու ժամանակ վերջ տալ մաքսայինի աշխատակիցների կամայականություններին, որոնք, վարորդների խոսքերով, «աչքաչափով են գնահատում մեքենան»: