Հայաստանի ներքաղաքական իրավիճակը սկսում է կամաց-կամաց արթնանալ, զարգացումներ են սպասվում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:
Նրա կարծիքով` զարգացումները «մոտենալու են հեղափոխականի»:
«Հայաստանում հիմա հեղափոխական գործընթացների զարգանալու համար չի հերիքում սուբյեկտիվ մեկ ֆակտոր, դա քաղաքական պահն է», – նկատել է Կարապետյանը:
Բանախոսը նշել է, որ Թունիսում և Եգիպտոսում տանող ուժերը քաղաքական կուսակցությունները չեն:
«Եթե հիմա ես ձեզ հարցնեմ` հստակ Թունիսում կամ Եգիպտոսում որ քաղաքական ուժերն են առաջ տանում շարժումը, կարող եք ասել` «Մահմեդական եղբայրները», բայց դրանք չեն տանող ուժերը», – ասել է նա:
Կարապետյանը նկատել է, որ ոչ էլ արտաքին ուժերի ազդեցության հետևանքով են տեղի ունենում նման զարգացումները, որովհետև թե Եգիպտոսում, թե Թունիսում պոռթկումը կատարվել է ժողովրդի ազդեցության պատճառով:
«Հայաստանում և մնացած տեղերում այսօր հեղափոխությունների գործընթացները սկսում է ժողովրդի վատ կյանքից», – ասել է նա: Ըստ Կարապետյանի` Հայաստանում հեղափոխությունը տեղի է ունենալու սոցիալական, քաղաքական, ժողովրդավարական կարգախոսների ներքո: