«Վիքիլիքս» հայտնի կայքի հրապարակած հերթական 4 փաստաթղթերից մեկը Հայաստանում ԱՄՆ դեսպանի գաղտնի զեկուցագիրն է, որ վերաբերում է թրաֆիքինգի (մարդավաճառության) և պոռնոբիզնեսի խնդրին, որին Հայ Ազգային Կոնգրեսը անդրադառնում է իր հայտարարության մեջ:
«Մի քանի տարի առաջ համապատասխան միջազգային փաստաթղթերում (Հայաստանը) գրանցված էր թրաֆիքինգի սև ցուցակի մեջ։ Սույն փաստաթուղթը ներկայացնում է դրա սահմռկեցուցիչ մանրամասները՝ մասնավորապես արձանագրելով որ այդ շրջանակներում գործ ունենք նաև մանկապղծության հետ։ Դրանում հանցավոր այս երևույթի խորացման գլխավոր պատճառը (դեսպանը) համարում է ծանրագույն սոցիալական վիճակը, ծայրաղքատությունը, երբ անգամ ծնողներն են ստիպված լինում իրենց երեխաներին ուղարկել մարմնավաճառության։ Փաստաթուղթը կազմված է այդ ասպարեզում ԱՄՆ դեսպանատան կատարած ուսումնասիրությունների և տվյալ խնդրի շուրջ դեսպանի և ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի զրույցի հիման վրա։
«Վիքիլիքսի» այս սկանդալային բացահայտումը ապացուցում է, որ Հայաստանը պետականորեն, ի դեմս Գլխավոր դատախազության, զբաղվում է թրաֆիքինգի և պոռնոբիզնեսի հովանավորությամբ։ Խայտառակ այս իրողության բացահայտման հանդիման, եթե Ազգային ժողովը և Սերժ Սարգսյանը անմիջապես պաշտոնանկ չեն անում ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի և նրա դեմ չի իրականացվում քրեական հետապնդում, ապա նրանք ստանձնում են լիակատար պատասխանատվություն գլխավոր դատախազության հանցավոր գործողությունների համար, ցույց տալով, որ, ըստ էության, թրաֆիքինգը և պոռնոբիզնեսը Հայաստանում հովանավորվում են բարձրագույն իշխանությունների կողմից», – նշում են հայտարարության հեղինակները։