Բուլղարիայի Վառնա քաղաքի Հայ Առաքելական եկեղեցու սպասավոր տեր Սարգիս քահանա Հովհաննիսյանը, ով անցյալ տարվա ամռանը ծեծի էր ենթարկվել գիշերային ակումբում, պարզվում է, միշտ սիրուհիներ է ունեցել և մշտապես ծեծի է ենթարկել իր կնոջը:
Epress.am-ը զրուցել է տեր Սարգսի արդեն նախկին կնոջ` Վիկտորիայի հետ, ով մի քանի մանրամասն է ներկայացրել իր և ամուսնու համատեղ կյանքից:
«Ամուսնության առաջին 2 տարին էդպես չէր, հետո սկսեց խմել, ծեծել: Սկզբում մտածում էի` չեմ կարող բարձրաձայնել այդ մասին, որովհետև բաժանվելու դեպքում գնալու տեղ չունեի. ծնողներս հասարակ մարդիկ են, Բուլղարիայում էին ապրում առանց անձնագրի, իսկ ամուսինս վախեցնում էր, թե միլիցայության միջոցով նրանց հետ կուղարկի Հայաստան: Հետո, երբ երեխա ունեցանք, Սարգիսը շարունակում էր ծեծն ու հարբած տուն վերադառնալ: Երեխայի ծնունդից հետո էլ, երբ ասում էի` կբաժանվեմ, ասում էր` երեխային կխլի ինձնից, ասում էր` «եթե պատրաստ ես երեխային երբեք չտեսնես, դռները բաց են, բաժանվի»: Ու ես երեխայի պատճառով մնացի իր մոտ»,- պատմել է Վիկտորիան:
Նշենք, որ 6-ամյա տղայի խնամակալության համար այժմ տեր Սարգիսը Բուլղարիայի դատարան հայց է ներկայացրել:
Վիկտորիան չի կարողանում բացատրել, թե ինչու է տեր Սարգիսը ցանկանում պահպանել ընտանիքը և այժմ էլ պայքարում է` երեխային իր մոտ պահելու համար:
«Չգիտեմ` ինչի համար էր ուզում պահել ընտանիքը, շատերն ասում էին, որ իր պաշտոնին մնալու համար էր էդպես վարվում», – ասել է կինը:
«Բաժանվելուս որոշումը կայացրել եմ այն ժամանակ, երբ 2007 թվականին եկա Հայաստան: Այդ ժամանակ նա ինձ արգելեց երեխայիս հետս բերեմ, հետո, երբ հետ վերադարձա, երեխան պատմեց, որ իրեն տարել ա սիրուհու մոտ և նրա աչքի առաջ ինչ-որ բաներ են արել սիրուհու հետ: Դրանից հետո վերջնականապես որոշեցի բաժանվել: Այդ ժամանակ էլ սկսեց ահաբեկել, թե «եթե ուզում ես փողոց անցնելիս ընկնես մեքենայի տակ, բաժանվի»: Եվ ես վերջնական որոշումը կայացրեցի, երբ ինքը Օդեսսայում էր, ես փորձեցի հանգիստ ձևով հետը խոսել, բաժանվել և մնալ Բուլղարիայում, բայց ինքը դեմ էր», – նշել է մեր զրուցակիցը:
Այժմ Վիկտորիան Հայաստանում է, սակայն, նրա խոսքով, ամուսնու սպառնալիքները չեն դադարում.
«Որոշ ժամանակ տանից անգամ դուրս չէի գալիս: Հետո տեղեկացա, որ ինքը դիմել է դատարան` ներկայացնելով, թե, իբր, ես փախել եմ, չկամ, ու չի ներկայացնում իմ բնակության վայրը, որ այդ միջոցով երեխային պահի: Բայց, փառք Աստծո, ես հասցրի փաստաբանիս միջոցով ներկայանալ դատարան, 2 օր առաջ եմ իմացել, որ ինքը դիմումը ներս ա տվել, այժմ իմ փաստաբանը ներկայացրել է իմ փաստաթղթերը»:
Վիկտորիան ասել է նաև, որ Բուլղարիայի հայ համայնքից շատ անգամ են նամակներ եկել Էջմիածնի նստավայր` անանուն նամակներ:
«Հիմա ես եկել եմ իմ երկրից, իմ հայրենիքից օգնություն եմ խնդրում: Դեռ Վեհափառին չեմ դիմել, բայց, հավանաբար, կդիմեմ, – ասել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մեզ հետ զրույցում Վեհափառ Հայրապետ Գարեգին Բ-ի մամուլի խոսնակ տեր Վահրամը նշել էր, որ տեր Սարգիս քահանա Հովհաննիսյանին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրավիրել էր զրույցի, սակայն նա դեռ չի ներկայացել, քանի որ գտնվում է ապաքինման մեջ:
Միևնույն ժամանակ, ինչպես տեղեկացանք Բուլղարիայի հայ համայնքի ներկայացուցիչներից մեկից, տեր Սարգիսը «գերազանց առողջության մեջ է», իսկ բուլղարահայերի շրջանում խոսակցություններ կան, որ ամուսնալուծվելուց հետո նա բնակվում է իր ընկերուհու հետ:
Բուլղարահայերը նշել էին, որ չեն ցանկանում, որպեսզի իրենց քարոզի նման քահանա:
Epress.am-ի հետ զրույցում տեր Վահրամը նշել է, որ Էջմիածինն այս հարցում «հետևողականություն կցուցաբերի և քահանայի հետ զրույցից ու գործը քննելուց հետո որոշում կկայացնի»: