«Քաղաքականությունից կեղտոտ բան, իսկապես, էլ չկա: Երկու օր առաջ հաղորդում արեցի բացօթյա առևտրականների բողոքի ակցիաների մասին: Ու ասեցի, որ հիմա շատ քաղաքական ուժեր վազելու են էդ` խնդիր ունեցող մարդկանց օգտագործելու` իրենց շահերին համապատասխան»: Facebook սոցիալական ցանցում Հանրային հեռուստատեսության «Տեսանկյուն» հաղորդաշարի հեղինակ և վարող, քաղաքական մեկնաբան Գևորգ Ալթունյանը արձագանքել է այսօր Հանրային ռադիոյի շենքի առջև բացօթյա առևտուր իրականացնողների բողոքի ակցիային:
Հիշեցնենք, որ բացօթյա առևտուր իրականացնողներն այսօր իրենց հերթական ակցիան են անցկացրել Հանրային ռադիոյի առջև` պահանջելով Գևորգ Ալթունյանից ներողություն խնդրել իրենցից:
Նրանց խոսքով` Հ1-ով ցուցադրվող «Տեսանկյուն» հաղորդաշարի ժամանակ Գևորգ Ալթունյանը առևտրականներին անվանել էր «գիքորներ»:
«Նման բան չի եղել», – Epress.am-ին հայտնել է Ալթունյանը:
Նրա խոսքով` իր հեղինակային հաղորդումը կա նաև համացանցում:
«Ցանկացողները կարող են դիտել ու ասել` արդյոք ես որևէ վիրավորական բառ ասել եմ առևտրականների հասցեին` բացի նրանց խնդիրներից խոսելուց», – նշել է հաղորդման հեղինակը:
«Ու արդեն այսօր, օգտագործողներից ոմանք գործի էին անցել` բացօթյա առևտրականներին միտինգի բերելով իմ դեմ: Ասել են` թե վիրավորել եմ: Բայց լավ չեն ասել` ում եմ վիրավորել` բողոք ունեցող մարդկանց, թե օգտագործողներին:
Ալթունյանի խոսքով` ինքն ապշած է նման արձագանքից:
«Ի՞նչ ավելացնեմ, շոկի մեջ եմ: Ու երբ զանգում եմ ու հարցնում` ինչո՞ւ եք էդպիսի բան անում, զարմացած պատասխանում են` ինչպես թե, դա նորմալ է, նման դեպքերում պետք է մարդկանց ուղղորդել, մենք էլ ուղղորդում ենք»,- ասել է Ալթունյանը: